ՀՀ Էկոնոմիկայի նախարարի որոշմամբ՝ ԱՆԻՖ-ում իրականացվել են ղեկավար կազմի փոփոխություններ
«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն (ԱՆԻՖ) տեղեկացնում է, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ ԱՆԻՖ-ում իրականացվել են ղեկավար կազմի, այդ թվում՝ տնօրենների խորհրդի փոփոխություններ։
«Ինչպես հայտնի է, ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահն էր Ֆրանսիայի նախկին վարչապետ և ներքին գործերի նախարար Դոմինիկ Դը Վիլպենը, որը ԱՆԻՖ- ի ստեղծման օրվանից ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի անդամ էր, իսկ 2023 թվականից՝ խորհրդի նախագահ։ Էկոնոմիկայի նախարարի որոշմամբ՝ նրան տնօրենների խորհրդի պաշտոնում փոխարինել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։ Անի Իսպիրյանը էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2021 թ․ սեպտեմբերից։ Դրանից առաջ 2020-2021 թթ․ եղել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության փորձագետ՝ «իԳործ» ծրագրի շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի անդամներ են նշանակվել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Էդգար Մկրտչյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը։
«Խորհրդի երեք նոր անդամների քվեարկությամբ վաղաժամ դադարեցվել են ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանի լիազորությունները։ Էկոնոմիկայի նախարարության այս առաջարկից հետո խորհրդի նախկին նախագահ Դոմինիկ Դը Վիլպենը հրաժարական է ներկայացրել նաև խորհրդի անդամի պաշտոնից։ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդից հեռանալու որոշում է կայացրել նաև տնօրենների խորհդրի մեկ այլ երկարամյա անդամ Իսիդորո Լուչիոլան, որը մի շարք միջազգային ներդրումային բանկերի և անկախ կորպորատիվ ֆինանսական կառույցի հիմնադիր նախագահն է, Իտալիայում գործող բանկերի (վարկային գործակալությունների), ինչպես նաև Իտալիայի ֆինանսական շուկայի առաջատար խորհրդատվական և գործակալական ծառայությունների գծով խորհրդատու է: Պարոն Լուչիոլան նույնպես ստեղծման օրվանից եղել է ԱՆԻՖ- ի տնօրենների խորհրդի անդամ, աջակցել է Հայաստանում ներդրումային մի շարք ծրագրերի իրականացմանը։
Հեռացել են նաև ԱՆԻՖ-ի ներդրումային կոմիտեի նախագահ Խալեդ Հելիոուին և Ներդրումային կոմիտեի անդամ Մայքլ Թոմփսոնը»,- հայտնում են ԱՆԻՖ-ից։
Ըստ ԱՆԻՖ-ի կայքի՝ ԱՆԻՖ-ը հիմնադրվել է 2019թ․-ին` օտարերկրյա ներդրումների ներգրավման, արտահանման աճի խթանման և Հայաստանում լայնածավալ նախագծերում ներդրումները համաֆինանսավորելու մանդատով։ Լինելով կառավարության կողմից ստեղծված կազմակերպություն ՝ ԱՆԻՖ- ն ապակուսակցական և ապաքաղաքական միավոր է, որի հիմնական շահառուներն են Հայաստանի Հանրապետությունն ու նրա քաղաքացին և ներքին ու արտաքին ներդրողները: