«Ժառանգությունում» տեղյա՞կ չէին Փոստանջյանի նամակի մասին

Այսօր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանից  լրագրողները հետաքրքրվեցին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից ԱԺ նիստին կարդացած նամակի մասին:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ այդ դիմումը գործող նախագահ Սերժ Սարգսյանի «դիմումն» էր ՀՀ նորընտիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին: Ընդ որում՝ Զ. Փոստանջյանը դիմումը կարդալիս որևէ բառ չհնչեցրեց դիմումի հեղինակի մասին, և սա հարց էր առաջացրել լրագրողների շրջանում, թե ի՞նչ դիմումի մասին է խոսքը, ո՞վ է հեղինակը:

«Ես ծանոթ չէի այդ դիմումին: Փոստանջյանն անձնական ոճում ներկայացրեց այդ դիմումը»,- ասաց Թ. Պողոսյանը:

168.am-ի դիտարկմանը, թե այդ նամակը գրված էր Սերժ Սարգսյանի անունից, պատգամավորը նշեց, թե ճիշտ կլինի այդ մասին հարցնել Զ. Փոստանջյանին: Մինչ Թ. Պողոսյանի հետ զրույցը մենք փորձել էինք զրուցել Զ. Փոստանջյանի հետ, սակայն ԱԺ-ում նրա աշխատասենյակի դուռը փակ էր:

Կարդացեք նաև

Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե նման պատասխանատու քայլն արդյո՞ք չի քննարկվել խմբակցության ներսում, Թ. Պողոսյանը պատասխանեց. «Դա Զարուհի Փոստանջյանի, ինչպես ՀՀ պատգամավոր, իրավունքն է վարման կարգով վերցնել խոսքը և ներկայացնել այդ դիմումը: Ինքը համարել է, որ պետք է ներկայացնի այդ դիմումը: Սխալ եմ համարում  մեկնաբանել իմ գործընկերներին: Դա իր իրավունքն էր, ինքն օգտվել է իր իրավունքից: Մնացած հարցերը ճիշտ կլինի իրեն տալ, տեղին չէ, որ ես ինչ-որ մեկնաբանություն անեմ»:

Տեսանյութեր

Լրահոս