Ոստիկաններն օգնե՞լ են Ազատության հրապարակ եկած սադրիչին. պարզաբանում է Րաֆֆի Հովհաննիսյանը
«Իհարկե, յուրաքանչյուրն ունի իր ազատ խոսքի իրավունքը, անպայման չէ, որ մեկս մյուսի հետ պիտի համաձայն լինի, բայց այս հանդարտ, խաղաղ, սահմանադրական պայքարի ընթացքում լինում են նաև որոշ սադրանքներ»,- այսօր Ազատության հրապարակում հրավիրված հերթական ասուլիսին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Հացադուլի մեջ գտնվող ընդդիմադիր առաջնորդը նշեց, որ իրենք տուրք չեն տալիս այդ սադրանքներին, սակայն պատմեց մի ուշագրավ դեպք, որը տեղի է ունեցել երեկ գիշերը:
«Հետաքրքիր զարգացում կա. կարծես ժողովուրդն ունի իր ժողովրդական հետախուզությունը, և երեկ գիշեր մի սադրիչ եկավ, փորձեց հայհոյանք տալ, բանավեճի մեջ մտնել, և մեր համաքաղաքացիները, իմ տեղեկությունից անկախ, հետապնդեցին այդ դեպքը և, փաստորեն, հետո զեկուցեցին շատ հավաստի, որ այդ մարդը Աբովյանի «ջրի մարդն» էր (դուք կարող եք իմանալ, թե ո՞վ է Աբովյանի «ջրի մարդը»), ով դուրս եկավ հրապարակից և ոստիկանների կողմից ընդունվեց ժպիտով և միասին նստեցին տաքսի և դուրս եկան հրապարակից»,- պատմեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Սակայն միաժամանակ նա ավելացրեց, որ չի ուզում ընդհանրացնել այդ դեպքն ամբողջ Ոստիկանության վրա, քանի որ, ըստ նրա, Ոստիկանությունը կատարում է իր պարտականությունը: «Բայց կարծում եմ, որ սա հետաքրքիր է մեզ համար, և նաև անհրաժեշտ տեղեկություն է Ոստիկանության համար` հետաքննություն սկսելու այս հարցով»,- ասաց նա: