Վարորդների բողոքի ակցիան կառավարության դիմաց` ՈւՂԻՂ
Վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդները կրկին բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով վերանայել ընդունված որոշումը։ Ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում կառավարության ներկայացուցիչների հետ։ Կառավարությունից խեստացել են հնարավորինս արագ ընթացք տալ իրենց դիմումին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով առաջարկվում է Վրաստանում գրանցված մեքենաները Հայաստանում շահագործելու համար առանձին վճարում անել, այսպես ասած, գրավ վճարել։
Պետությունը պարտավորվել է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ սուբսիդավորել մինչև դեկտեմբերի 4-ը ՀՀ ժամանակավոր ներմուծված և մինչև դեկտեմբերի 30-ը մաքսազերծված ավտոմեքենաների մաքսատուրքը՝ մինչև 5 տարվա արտադրության մեքենաների համար՝ 40%-ի, ավելի հին մեքենաների համար 70%-ի չափով։
Բողոքի ակցիայի մասնակից վարորդներից մեկն ասաց, որ Կառավարության առաջարկած սուբսիդավորումը հարցի լուծում չէ, քանի որ, միևնույնն է՝ իրենք պետք է 30% վճարեն (սուբսիդավորումը հին մեքենաների համար 70%-ի չափով է):
«Փաստացի մեզ տանում են հարկադրված մաքսազերծման, որի հնարավորությունը մեզնից ոչ մեկը չունի»,- ասաց նա՝ նկատելով, որ խոսքը շատ մեծ գումարների մասին է, և իրենց տրվել է ընդամենը 25 օր ժամանակ՝ մինչև դեկտեմբերի 30-ը։
«Մեր մեքենայից թանկ մաքսազերծում են պահանջում։ Այս որոշումը պետք է վերանայվի։ Միայն բնապահպանական հարկը կազմում է մոտ 2000 դոլար։ Իսկ այդ 30%–ն ահռելի գումար է»,- նկատեց ակցիայի մասնակիցը։