Գերմանիայի պետբյուջեում ներառվել է 8 միլիարդ եվրոյի ուղղակի ռազմական օգնություն Ուկրաինային
Գերմանիայի հաջորդ տարվա բյուջեն ներառում է 8 միլիարդ եվրո ուղիղ ռազմական օգնություն Ուկրաինային և 6 միլիարդ եվրո՝ Գերմանիայում ուկրաինացի փախստականների համար։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը երկրում բյուջետային ճգնաժամի կարգավորմանը նվիրված քննարկումից հետո։
«Մենք Ուկրաինային կաջակցենք կանոնավոր բյուջեով, ինչպես պլանավորել էինք, և դա կանենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Սա ներառում է ութ միլիարդ եվրոյի զենքի մատակարարում, ֆինանսական օգնություն Ուկրաինային և վեց միլիարդ եվրո՝ ուկրաինացի փախստականներին Գերմանիայում աջակցելու համար», – Շոլցի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։
Գերմանիայի կանցլերը քննարկում էր անցկացրել էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկի և ֆինանսների նախարար Քրիստիան Լինդների հետ։ Համատեղ մամուլի ասուլիսում Լինդներն իր հերթին պարզաբանել է, որ խոսքը ոչ թե ԵՄ տարբեր հիմնադրամների միջոցով տրամադրվող միջոցների, այլ ուղղակի օգնության մասին է։
Կանցլեր Շոլցն ավելի վաղ հայտարարել էր, որ չնայած բյուջետային ճգնաժամին՝ Գերմանիան նոր տարում կշարունակի օգնել Ուկրաինային։ Ի սկզբանե Բեռլինը մտադիր էր այդ նպատակների համար ծախսել 4 միլիարդ եվրո։