Ադրբեջանը հարցը տեղափոխում է երկկողմ բանակցությունների դաշտ, լավ ակնկալիքներ չունեմ. Արմեն Ռուստամյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, իհարկե,  ողջունեց, որ ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ գերիների մի մասը վերադարձվում է, բայց կան շատ այլ գերիներ, որոնք շարունակում են մնալ Ադրբեջանի կալանավայրերում, նրանք նույնպես պետք է վերադարձվեն։

«Վաղուց այդ հարցը միջազգային օրակարգի վրա էր։ Կարծում եմ՝ Ադրբեջանն իր հաշվարկներն ունի։ Ճնշումները միջազգային օրակարգում այս հարցի հետ կապված վաղուց կար, բայց, բնականաբար, դրան Ադրբեջանը որևէ հոդաբաշխ պատասխան չէր կարող տալ։ Սրանով Ադրբեջանը նախ փորձում է մեղմել այդ ճնշումներն իր վրա, երկրորդ՝ սրանով նա փորձում է  ասել, որ ճիշտը երկկողմ բանակցություններն են։ Ադրբեջանի թիվ մեկ նպատակը բանակցային այս ստեղծված փակուղային վիճակը տեղափոխելն է իր առաջարկած դաշտ, որովհետև իր վրա էլ ճնշումներ կան, որ Եվրոպա հանդիպումների չի գնում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի երեկ տարածած համատեղ հայտարարությանը՝ գերիներին հայրենիք վերադարձնելու մասին:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի, այս ամենը կարող է հանգեցնել խաղաղության պայմանագրի ամբողջացմանը և բանակցությունների, այսպես ասած, տեղափոխմանը երկկողմ ձևաչափի դաշտ։

Երկկողմ ձևաչափով բանակցություններն Արմեն Ռուստամյանի բնորոշմամբ՝ շատ վտանգավոր են։ Երկկողմ դաշտում պարզապես լինելու է հաղթողի և պարտվողի խոսակցություն։

Կարդացեք նաև

«Ի՞նչ է նշանակում՝ երկկողմ հարցերը լուծել, դա նշանակում է, որ ուղղակի հարց չի մնացել լուծելու։ Ե՞րբ է առաջանում բանակցությունների և միջնորդների անհրաժեշտություն, երբ կողմերն իրար հետ ունեն չհամաձայնեցված դիրքորոշում, որի համաձայնեցումը տեղի է ունենում միջնորդների միջոցով։ Այստեղ նաև միջազգային երաշխավորությունն է կորում։ Ստացվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրար հետ պետք է մերձեցնեն դիրքորոշումները, կարծում եմ՝ մերձեցնելը տեղի կունենա միայն Ադրբեջանի պահանջները բավարարելով։ Այս առումով, բնականաբար, ես լավ ակնկալիքներ չունեմ։ Երբ կան չճշտված հարցեր, դա նշանակում է, որ Հայաստանը միակողմանիորեն զիջել է»,- շեշտեց Արմեն Ռուստամյանը։

Նա ընդգծեց, որ Ադրբեջանը  հստակ հայտարարություն չի արել, որ ճանաչում է  Նիկոլ Փաշինյանի ասած՝ ՀՀ 29.800 քկմ տարածքը։ Տվյալ իրավիճակում, նախ Հայաստանը պետք է բնական հարցեր առաջադրի և ասի, որ բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն այն պահին, երբ ՀՀ տարածքից դուրս բերվեն ադրբեջանական զինված ուժերը, քանի որ, երբ այդպես ես բանակցում, թշնամին կարող է ֆիքսել՝ եթե բանակցում են, ուրեմն ինքը ճիշտ տեղում է կանգնած։

Ինչ վերաբերում է Արցախին, Արմեն Ռուստամյանն ասաց, որ Արցախի հարցը բոլոր այս գործընթացներից դուրս է մնում։ Վերջերս էլ Ալիևը հայտարարել էր, որ պետք է մոռանալ Արցախի հարցը, ինչն էլ ՀՀ իշխանության թեթև ձեռքով տեսանելի է  դառնում։

«Եթե քննարկում են փախստականների վերադարձի հարցը, ապա մենք փախստականներ ունենք ոչ միայն Արցախից, ունենք Բաքվից, Սումգայիթից և այլ տարածքներից։ Ադրբեջանն այստեղ խորամանկում է՝ հարցը նորից արձանագրելու համար, որ՝ ձեռք քաշեք Ղարաբաղի հարցից»,- հավելեց խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Նա չբացառեց, որ մոտ ապագայում հնարավոր է՝ ստորագրվի խաղաղության պայմանագիրը՝ ինչ-որ անորոշ ձևակերպումներով, քանի որ այսօր Ադրբեջանին ձեռնտու չէ ֆիքսել 29.800 քկմ տարածք, որովհետև հնարավորություն ունի առաջ գալով՝ դիրքերը դնել։

 

Տեսանյութեր

Լրահոս