Բրիտանական HMS Diamond էսկադրային ականակիրը մեկնել է Պարսից ծոց
Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի HMS Diamond էսկադրային ականակիրն ուղարկվել է Պարսից ծոց՝ Մերձավոր Արևելքում կայունության պահպանման նպատակով:
«Որպես տարածաշրջանային անվտանգությանը ՄԹ-ի հանձնառության հզոր ցուցադրություն՝ 45 տիպի կործանիչը կամրապնդի ՄԹ-ի ռազմածովային ներկայությունը Պարսից ծոցում և կօգնի թույլ չտալ էսկալացիա չարամիտ և թշնամական սուբյեկտների կողմից, որոնք ձգտում են խախտել նավագնացության անվտանգությունը», – նշված է հայտարարության մեջ:
HMS Diamond-ը, որը դասվում է 45-րդ տիպի էսկադրային ականակիրների թվին և հանդերձված է հակաօդային պաշտպանության և էլեկտրոնային պայքարի բարձրարդյունավետ համակարգերով, կմիանա 2022 թվականի աշնանից տարածաշրջանում գտնվող HMS Lancaster ֆրեգատին, երեք ականորս նավերին և Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի օժանդակ նավին։
Գերատեսչությունում խմբավորման ուժեղացումը բացատրում են նավագնացության երթուղիները պաշտպանելու, առևտրային նավերի և առևտրի հոսքի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանթ Շեփսը հայտնել է, որ հարկավոր է «զսպել էսկալացիան Իսրայելում և Գազայի հատվածում վերսկսված հակամարտությունից հետո» և թույլ չտալ այնպիսի միջադեպեր, ինչպիսին Կարմիր ծովում Galaxy Leader նավի գրավումն էր Եմենի «Անսար Ալլահ» խռովարար շարժման (հութիների) կողմից:
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև հակամարտության ընթացքում Եմենի ափերի մոտ և Կարմիր ծովում զինված խմբերը մի քանի անգամ գրավել են Իսրայելի հետ կապված նավեր։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոյեմբերի 26-ին Պարսից ծոց է մտել ամերիկյան ռազմածովային ուժերի «Դուայթ Էյզենհաուեր» ավիակիր հարվածային խումբը։