Բաժիններ՝

Իրանի ԱԳՆ-ն հայտնել է Թուրքիա Ռայիսիի այցի հետաձգման պատճառը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցը Թուրքիա հետաձգվել է Գազայի հատվածում ստեղծված իրադրության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստի պատճառով․ դա նախագահները քննարկել են հեռախոսազրույցի ընթացքում։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Նախագահ Ռայիսիի պաշտոնական այցն Անկարա նախատեսված էր, սակայն հետաձգվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի պատճառով, որը նվիրված է լինելու Գազայի հատվածում տիրող իրադրությանը, և որի հրավեր են ստացել Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները։ Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների նախագահները համաձայնել են, որ ծրագրված այցը կայանա մի քանի օրից, և դրա ընթացքում կողմերը քննարկեն Անվտանգության խորհրդի նիստի արդյունքները», – վկայակոչում է նրա խոսքերը ՏԱՍՍ-ը։

Ընդ որում, Իրանի ԱԳՆ ղեկավարը նաև հայտնել է, որ Իրանի պատվիրակությունը չի կարող ներկա գտնվել ՄԱԿ-ի ԱԽ նիստին, քանի որ ԱՄՆ կառավարությունը ձգձգել է պատվիրակության անդամներին, այդ թվում՝ հենց Ամիր Աբդոլլահիանին այցագրերի տրամադրումը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի հարցով նշանակված է նոյեմբերի 29-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս