Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակության անդամների հետ
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 28-ին հանդիպել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով, միգրացիայի և ներքին գործերի, հետազոտությունների և նորարարության, միջազգային գործընկերության գլխավոր տնօրինությունների համատեղ պատվիրակության անդամների հետ:
ԱԽ գրասենյակից հայտնում են, որ կողմերը քննարկել են անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության հեռանկարներն ու ուղիները: Այս համատեքստում Արմեն Գրիգորյանն ընդգծել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը՝ որպես ՀՀ-ԵՄ համագործակցության լավ օրինակ, իսկ Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում ՀՀ-ԵՄ փոխգործակցությունը, որպես համագործակցության հեռանկարային ուղղություն:
Արմեն Գրիգորյանը նաև ընդգծել է ՀՀ-ում իրականացվող զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողությանն ուղղված բարեփոխումները՝ կարևորել դրանք ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության շրջանակներում: