ԱԶԲ-ն հետաքրքրված է ընդլայնել Հայաստանի հետ համագործակցության շրջանակը. Վահե Հովհաննիսյանն ընդունել է Մասաթուգու Ասակավային

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Մասաթուգու Ասակավայի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են եղել նաեւ ԱԶԲ Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի վարչության տնօրեն Եվգենի Ժուկովը, ԱԶԲ գործադիր տնօրեն Մեյդ Վիջայան, ԱԶԲ ներկայացուցիչներ:

Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ գոհունակություն հայտնելով երկկողմ համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ՝ նախարար Հովհաննիսյանն ընդգծել է, որ հատկապես վերջին տարիներին ԱԶԲ եւ Հայաստանի միջեւ համագործակցությունը բավական ինտենսիվ բնույթ է ստացել, ինչի մասին է վկայում նաեւ համագործակցության հագեցած օրակարգը:

ԱԶԲ նախագահը նույնպես բարձր է գնահատել հայկական կողմի հետ արդյունավետ համագործակցությունը՝ իր կողմից շեշտելով, որ ԱԶԲ-ն հետաքրքրված է ընդլայնել Հայաստանի հետ համագործակցության շրջանակը եւ պատրաստակամ է շարունակելու երկխոսությունը նոր համագործակցության հեռանկարների ուղղությամբ:

Մասաթուգու Ասակավան նշել է, որ ԱԶԲ-ն կարեւորում է ընթացիկ Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման բյուջետային աջակցության ծրագրի նշանակությունը, եւ հաշվի առնելով վերջինիս շարունակական բնույթը, նկատի ունենալով, որ այն մի քանի փուլից է բաղկացած, ընդգծեց, որ բանկը պատրաստ է քննարկել ծրագրի ֆինանսական միջոցների եւ վերջինիս ներքո իրականացվելիք բարեփոխումների շրջանակների հետագա ընդլայնմանն առնչվող հարցերը:

Վահե Հովհաննիսյանը կարեւորել է նաեւ ԱԶԲ-ի կողմից կարողությունների զարգացմանն ուղղված շարունակական աջակցությունը՝ նշելով, որ այն բավական օգտակար է տարբեր ծրագրերի իրականացման գործընթացներում ներգրավված հայկական կողմի մասնագետների եւ աշխատակիցների մասնագիտական որակների բարձրացման տեսանկյունից:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանում Բանկի աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերի, այդ թվում՝ քաղաքային ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտի, ճանապարհաշինության, սեյսմիկ անվտանգության բարելավման եւ մի շարք այլ բնագավառներում, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել բյուջետային աջակցության ուղղությանը: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հետագայում եւս շարունակել անհրաժեշտ ջանքերի գործադրումը համատեղ նպատակադրումների եւ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս