Անվտանգության ուժեղացված ռեժիմ՝ խորհրդարանում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը երեկ լսումներ էր կազմակերպել «Հայաքվե» նախագծի վերաբերյալ, որով նախատեսվում է քրեական ծանր պատիժ սահմանել բոլոր այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք Արցախը կճանաչեն Ադրբեջանի կազմում։ Եվ այս առթիվ խորհրդարան էին հրավիրել ավելի քան հարյուր մարդու՝ հասարակական-քաղաքական տարբեր խմբերի, Արցախի ներկայացուցիչներ, նախկին դիվանագետներ, իրավաբաններ եւ այլն։ Լսումների պատճառով խորհրդարանում անվտանգության ուժեղացված ռեժիմ է գործել՝ ասես խորհրդարան են մուտք գործել պոտենցիալ տեռորիստներ։
ԱԺ մուտք գործելիս մանրակրկիտ զննել են բոլոր հյուրերին, լսումների մասնակիցների բջջային հեռախոսներն են անցկացրել սկաներ սարքի միջով: Որպես կանոն, խորհրդարանի այցելուների եւ աշխատակազմի միայն պայուսակներն են անցկացնում սկաների միջով, ինչպես նաեւ պարտադրում են հեռախոսները «քնած» ռեժիմից ակտիվացնել` ցուցադրել էկրանը, որ հավաստիանան` մուլյաժ չէ:
Ինչ-որ տխմար կարծում է, որ հեռախոսի մուլյաժի ներքո կարող են պայթուցիկ սարք տեղափոխել խորհրդարան․ այս ստուգումը դրան է ուղղված: Լսումների ողջ ընթացքում էլ ԱԺ շենքում անվտանգության բազում աշխատակիցներ են եղել»: