Ցիցերոնը և հայ-թուրքական սահմանի բացումը

«…Կա՞ արդյոք ավելի պարսավելի բան, քան թեթևամիտ դատողությունը։ Եվ կա արդյո՞ք ավելի թեթևամիտ բան, որ այդչափ արժանի չէ ամրության և մնայունության, քան ունենալ սխալ պատկերացումներ կամ էլ, առանց դույզն ինչ տատանվելու, պաշտպանել այն, ինչ ընկալվել և իմացվել է ոչ բավարար հուսալիությամբ»։ (Ցիցերոն, «Աստվածների բնությունը», մ.թ.ա. I դար)

Ցիցերոնի այս խոսքը կիրառելի է նաև մեր օրերի համար. մասնագետ չհանդիսացող որքա՜ն մարդ է թեթևամտորեն ու միաժամանակ հաստատակամությամբ պնդումներ անում ամենաբարդ հարցերի մասին՝ քաղաքականությունից մինչև գիտություն, փիլիսոփայությունից մինչև տնտեսություն։ Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է։
Ահա մի այդպիսի օրինակ։
Ոմն պաշտոնյա պնդում է, որ հայ-թուրքական սահմանի բացումից կան բացասական կողմեր, դրանք ուսումնասիրվում են, բայց միևնույն է վստահ է, որ «բաց սահմանը ավելի լավ է, քան փակը»։

Այստեղ խնդիրն այն չէ, որ եթե որևէ հետազոտության ղեկավարը ի սկզբանե նշում է, որ սահմանի բացումը դրական է, ուրեմն դժվար թե հետազոտությունը հակառակն ապացուցի։ Ավելի զավեշտալին այն է, որ որոշումների կայացումից հետո է արվում ուսումնասիրություն, թե այդ որոշումն ինչ հետևանք կունենա։ Որովհետև եթե ամենաբարձր մակարդակով հայտարարվում է, որ բացվելու է սահմանը ու դրա համար արվում է նախապատրաստական աշխատանք (Մարգարայի անցակետի հապշտապ կառուցումը), ապա էլ հետազոտության կարիք չկա, այն ոչինչ չի փոխի։
Նորմալ պետությունում կլիներ հակառակ հերթականությունը՝ հետազոտություն, ապա դրա հիման վրա որոշում (դա կոչվում է evidence-based policy)։
Բայց ունենք այն, ինչ ունենք։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Տեսանյութեր

Լրահոս