ԶՊՄԿ պահնորդին սպանած ադրբեջանցի Ախունդովը ներկայանում է դատական նիստին. Կարեն Ալավերդյան
Այս տարվա ապրիլի 12-ին Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանցու կողմից սպանվեց ԶՊՄԿ պահնորդ, 57-ամյա Հայրապետ Մելիքսեթյանը:
168.am-ը հենց ապրիլի 13-ին, երբ չկար որևէ պաշտոնական հաղորդագրություն, տեղեկացրեց, որ Մելիքսեթյանին սպանել են Հայաստանի սահմանը ապրիլի 10-ին անարգել հատած ադրբեջանցիները:
Ավելի ուշ պետք է պարզվեր, որ Հայաստանի տարածք ներխուժածներն ադրբեջանցի 2 զինծառայողներ են՝ Ագշին Բաբիրովը և Հուսեյն Ախունդովը։ Քաղաքացիների կողմից նախ հայտնաբերվել և իրավապահներին էր ներկայացվել Ագշին Բաբիրովը, որն էլ հայտնել էր, որ ՀՀ միայնակ չէր ներխուժել։ Օրեր շարունակ Հայաստանի իրավապահները չէին կարողանում հայտնաբերել դիվերսանտին, որն այդ ընթացքում հասցրեց սպանություն գործել։
Սպանված Հայրապետ Մելիքսեթյանի դիակի զննությամբ հայտնաբերվել էին հրազենային վնասվածքներ՝ գլխի և կրծքավանդակի շրջանում։ Դեպքի վայրից վերցվել էին նմուշներ, երկփողանի հրացան, որը հայտնաբերվել է տնակի մեջ, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ առարկաներ: Դեպքի առթիվ ՔԿ-ում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ մասնավորապես ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Մեր երկրի տարածքում սպանություն իրականացրած ադրբեջանցուն կրկին հայտնաբերել էին բնակիչներն ու ներկայացրել իրավապահներին։
Ագշին Բաբիրովը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մեղավոր է ճանաչվել ՀՀ սահմանն ապօրինի հատելու, ռազմամթերք տեղափոխելու համար և դատապարտվել ազատազրկման՝ 11.5 տարի ժամկետով, իսկ Հուսեյն Ախունդովը մեղավոր է ճանաչվել ՀՀ սահմանն ապօրինի հատելու, ռազմամթերք տեղափոխելու և ԶՄՊԿ պահնորդին սպանելու համար՝ դատապարտվելով ազատազրկման՝ 20 տարի ժամկետով։
Տուժողի իրավահաջորդները, բնականաբար, դժգոհ էին մնացել դատարանի որոշումից ու ներկայացրել էին վերաքննիչ բողոք:
Հոկտեմբերի 27-ին Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ, դռնփակ ռեժիմով կայացավ Ախունդովի դատավճռի դեմ բերված բողոքի քննությունը, որով տուժող կողմը պահանջում է մասնակի բեկանել դատական ակտը և Ախունդովի նկատմամբ որպես պատիժ նշանակել ցմահ ազատազրկումը։
168.am-ի հետ զրույցում տուժող Հայրապետ Մելիքսեթյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Ալավերդյանն ասաց՝ դատական նիստը հետաձգվել է, կշարունակվի դեկտեմբերին:
Կարեն Ալավերդյանը նշեց՝ վերաքննիչ բողոքի քննությունն ընթանում է բանավոր ընթացակարգով, սակայն դռնփակ ռեժիմով:
«Կրկին միջնորդելու ենք դռնբաց անցկացնել նիստերը, որովհետև մեր կարծիքով՝ որևէ հիմք չկա, որ նիստը դռնփակ անցկացվի»,- ասաց Կարեն Ալավերդյանը:
Մեր հարցին՝ արդյո՞ք հանցագործները ներկայանում են դատական նիստին, Կարեն Ալավերդյանն ասաց՝ «Մեր գործով միայն Հուսեյն Ախունդովն է անցնում, և նա, այո, մասնակցում է դատական նիստին»: