Բաժիններ՝

Տիգրան Համասյանը երևանյան երեք բազմաժանր համերգով տոն կնվիրի Հայաստանի երաժշտասերներին

Դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանն իր համաշխարհային շրջագայության շրջանակում երեք համերգով հանդես կգա Երևանում:

Համերգները, որոնցից յուրաքանչյուրն ունի յուրահատուկ ծրագիր, տեղի կունենան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Նոյեմբերի 20-ին «Տիգրան Համասյան տրիո»-ի կատարմամբ կհնչեն «ՍտանդԱրտ» նոր ալբոմի ստեղծագործությունները, որոնք ամբողջապես ներկայացնում են 1920-1950 թվականների հանրահայտ ջազ ստանդարտների` Համասյանի կատարած մշակումները: Համերգին կմասնակցեն կոնտրաբասահար Ռիք Ռոզատոն (Նյու Յորք) և թմբկահար Ջոնաթան Փինսոնը (Լոս Անջելես):

Նոյեմբերի 21-ին Տիգրան Համասյանը ելույթ կունենա որպես մենակատար, ինչպես նաև զուգանվագով հանդես կգա հրավիրյալ սաքսոֆոնահար Տրիգվե Սեիմի հետ (Նորվեգիա): Համերգի ծրագրում ընդգրկված են Համասյանի սոլո ալբոմների հայտնի ստեղծագործությունները:

Նոյեմբերի 22-ին «Տիգրան Համասյան էլեկտրիկ տրիո»-ն Նյու Յորքից հրավիրված բաս կիթառահար Էվըն Մարիենի և թմբկահար Նեյթ Վուդի մասնակցությամբ հանդես կգան Համասյանի հեղինակային ստեղծագործությունների կատարմամբ:

Հայաստանյան շրջագայության ընթացքում նախատեսվում են նաև վարպետաց դասեր հրավիրված երաժիշտների մասնակցությամբ: Վարպետության դասերը կանցկացվեն Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգասրահում: Նոյեմբերի 21-ին տեղի կունենա Ռիք Ռոզատոյի (կոտրաբաս) և Ջոնաթան Փինսոնի (հարվածայիններ) դասը, նոյեմբերի 23-ին՝ Էվըն Մարիենի (բաս) և Նեյթ Վուդի (հարվածայիններ) վարպետության դասը:

Նախագծի փակման միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 23-ին վիրտուոզ թմբկահար Նեյթ Վուդի հատուկ ծրագրով, որը տեղի կունենա «Hard Rock Cafe Yerevan»-ում ժամը 20:00-ին:

Համերգներն իրականացվում են «TM Production»-ի նախաձեռնությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս