Քննչական կոմիտեն 56 մլն 973 հազար դրամով շինություն է վերանորոգում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեն 56 մլն 973 հազար դրամ է հատկացրել Երեւանի կենտրոնում՝ Խանջյան փողոց 43 շենքի թիվ 17 հասցեում գտնվող շինության վերանորոգման համար։ Կնքված պայմանագրի տեխնիկական բնութագրին ծանոթանալով կարելի է ենթադրել, որ կապիտալ վերանորոգում է տեղի ունենում։ Տվյալ շինության մասին հայտնի է, որ այն նախկինում եղել է պաշտպանության նախարարության հաշվեկշռում, ապա 2022 թվականին՝ կառավարության որոշմամբ, ՊՆ-ից վերցվել ու փոխանցվել է Պետգույքի կառավարման կոմիտեին։
Քննչական կոմիտեից մեզ ասացին. «Դիտարկվում է վերանորոգման աշխատանքներն ավարտելուց հետո ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 3 բաժիններից մեկն այնտեղ տեղակայելու հարցը։ Այդ երեք բաժինները ներկայումս տեղակայված են եւ գործում են մեկ շենքում, եւ գերբեռնվածության պատճառով առկա է քննիչների համար սահմանված չափորոշիչներին համապատասխան աշխատանքային պայմաններ ապահովելու հրատապ խնդիր, ինչին էլ ուղղված է այս գործընթացը»:
Մենք պարզեցինք նաեւ, որ խոսքը Ռազմական ոստիկանության նախկին շենքի մասին է»: