Ադրբեջանի ԱԳՆ-ն վերջնագրի ձևով Հայաստանից պահանջում է 8 գյուղ

Ադրբեջանի ԱԳՆ-ն վերջնագրի ձեւով Հայաստանից պահանջում է 8 «օկուպացված» գյուղ։ Պահանջը ներկայացված է գերատեսչության հայտարարությունում։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, նոյեմբերի 9-ի առիթով արված հայտարարությունում հավաստիացվում է, որ «Հայաստանը ընտրել է խաղաղության համաձայնագրի բանակցություններին խոչընդոտելու ուղին՝ շարունակելով ռազմաքաղաքական սադրանքները եւ ականապատումը, նախկինի պես ստեղծում է սպառնալիք խաղաղության գործընթացի, մեր քաղաքացիների կյանքի համար, խանգարում է տարածաշրջանում վերականգնման եւ վերակառուցման աշխատանքներին։ Հայկական կողմը, ի հեճուկս ստանձնած պարտավորությունների, ոչ միայն Ադրբեջանի տարածքից դուրս չի բերել հայկական զինված ուժերը, որոնք տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հիմնական սպառնալիքն են, այլեւ շարունակել է նրանց նյութական եւ ֆինանսական աջակցությունը, չի դադարեցրել զենքի, ռազմական տեխնիկայի եւ ականների անօրինական առաքումը Ադրբեջանի տարածք։ Հայաստանը նաեւ Ադրբեջանին չի հանձնել 8 ադրբեջանական գյուղեր, որոնք մինչ այժմ օկուպացիայի մեջ են»։

Հիշեցնենք, որ խոսքը 8 այսպես կոչված անկլավային գյուղերի մասին է Տավուշի եւ Արարատի մարզերում։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ նախկին խորհրդային սահմանները անկախություն ստացած Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փոխվել են Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների ընթացքում։ Արդյունքում՝ կան ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական անկլավներ։ Բայց հայկական օկուպացված տարածքների մասին Բաքվում նախընտրում են լռել։

Տեսանյութեր

Լրահոս