2024 թվականին ՊԵԿ ծախսերը 2023թ. համեմատ ավելին կլինեն՝ 37 մլրդ 369 մլն դրամ. Ֆինանսների նախարար

«ՀՀ կառավարությունը 2024 թվականին ակնկալում է 2 տրլն 566 մլրդ դրամի հարկային եկամուտներ»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Հաջորդ տարվա ՊԵԿ ծախսերն այս տարվա ցուցանիշը կգերազանցեն շուրջ 2 մլրդ 654 մլն դրամով: 2024 թվականին դրանք կկազմեն 37 մլրդ 369 մլն դրամ:

ՊԵԿ-ն իրականացնում է մեկ ծրագիր՝ 12 միջոցառումներով: Այստեղ գրեթե 80 տոկոսը կազմում են ընթացիկ ծախսերը: 20 տոկոսը կապիտալ ծախսերն են լինելու»,- հայտնեց ՀՀ ֆինանսական գերատեսչության ղեկավարը:

Ինչ վերաբերում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, ապա 2024-ին նախատեսվում է 17,9 մլրդ դրամի ծախս՝ չհաշված ռազմաարդյունաբերությունը:

«Սրանից 13 մլրդ-ը կապիտալ ծախսերի գծով է, իսկ 4.2 մլրդ դրամը՝ ընթացիկ ծախսերի գծով: Ընդ որում, անցած տարվա համեմատությամբ ընթացիկ ծախսերը պակասել են, իսկ կապիտալ ծախսերը՝ ավելացել: Մյուս տարվա համեմատությամբ մենք ընդհանուր առմամբ ունենք 6 մլրդ դրամի ավելի ծախս»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ԲՏԱ նախարարությունը, ռազմաարդյունաբերության ոլորտը չհաշված, ընդհանուր առմամբ 4 ծրագիր և 13 միջոցառում է իրականացնում:

Ըստ Ֆինանսների նախարարի, ամենաշատ ծախսող նախարարությունը ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունն է, որին 2024 թվականի ծրագրով տրամադրվել է 172 մլրդ դրամ:

Քաղաքաշինության կոմիտեում ևս բյուջետային ծախսերը հաջորդ տարի 2 մլրդ դրամով ավելի կլինեն 2023 թվականի համեմատությամբ: 2024-ին դրանք կկազմեն 5 մլրդ դրամ:

Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց նաև 2024 թվականի համար ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Կադաստրի կոմիտեի, Հանրային ծառայությունները կարգավորող ու Մրցակցության պաշտպանության հանձնաժողովների բյուջեները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս