«Հայրենիքն այնքան վերացական է… Ադանան, Կարսը, Արցախը ձեր հայրենի՞քն է». Ալեն Սիմոնյան

Այսօր ԱԺ բակում Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում խոսեց Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին և ասաց, որ  ամեն գնով պետք է խաղաղություն հաստատեն։

Հարցին, թե խաղաղությունն ի՞նչ գնով պետք է հաստատեն, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.

«Մենք հնարավոր ամեն գները վճարել ենք, և ավելի գին, չեմ կարծում, որ մենք պետք է վճարենք»։

Լրագրողի մեկ այլ հարցին՝ խաղաղություն ուզում են հաստատել հայրենիքի մի մասը հանձնելով թշնամո՞ւն, Ալեն Սիմոնյանը հայրենիքի մասին իր պատկերացումը փոխանցեց լրագրողներին.

Կարդացեք նաև

«Հայրենիքն այնքան վերացական է… Կասե՞ք՝ ո՞րն է ձեր հայրենիքը, Ադանան, Կարսը, Արցախը ձեր հայրենի՞քն է։ Կա պետություն, կա հայրենիք հասկացություն, եթե դուք փորձում եք այդ արտահայտություններով մանիպուլյացիաներ անել, թեև դա մեր հեռուստադիտողներն ավելի հետաքրքիր կդիտեն, սա այլ հարց է, չի կարող այդպես ամորֆ բան լինել Հայաստանի Հանրապետությունը։ Այն, որ սեպտեմբերի 21-ին մենք բան ենք նշում, մենք կոնկրետ քարտեզով անկախացել ենք, այո՞, թե՞ ոչ։ Հիմա հարց եմ տալիս՝ Վանը, Մուշը մեր հայրենի՞քն է, թե՞ մեր հայրենիքը չէ, Էրզրումը մեր հայրենի՞քն է։ Ամբողջ հայկական լեռնաշխարհը, որպես հայ մարդու՝ իմ հայրենիքն է, բայց կա պետություն հասկացողություն, որը ՀՀ այն տարածքն է, որով մենք անկախացել ենք։ Այդ Տիգրան Մեծի քարտեզը, այո, դա մեր հայրենիքն է, բայց…»,- ընդգծված տոնով լրագրողներին պարզաբանումներ փոխանցեց  ԱԺ նախագահը։

Հարցեր հնչեցին նաև Ջերմուկի հատվածում ադրբեջանական Զու ներկայացուցիչների ներկայության վերաբերյալ, և Ալեն Սիմոնյանը հակադարձեց, թե Ադրբեջանի պնդմամբ որոշ տեղերում էլ հայկական կողմն է իր տարածքում, հետո լրագրողին մասնագիտական խորհուրդ տվեց՝ երբ հարց են տալիս, սա էլ պետք է նշեն։

«Կա ադրբեջանական թեզ, որ կան գյուղեր, տարածքներ, որտեղ մենք ենք իրենց տարածքում։ Այն քարտեզով, որով մենք անկախացել ենք, կլինի տեղեր, որտեղ մենք Ադրբեջանի տարածքում ենք, ապա այդ տարածքներից մենք պետք է դուրս գանք, ինչպես և իրենք պետք է դուրս գան մեր տարածքից։ Տպավորություն է, որ տարօրինակ բաներ եմ ասում, բայց դրանք բացարձակ ճշմարտություններ են՝ դու անկախացել ես այդ տարածքում և չես կարող նկրտում ունենալ այլ տարածքի վրա։ Այդ հուզմունքային, վերացական ու ամորֆ բաները…

Երբ ասում եք, որ վարչապետը ճանաչեց Ադրբեջանի 86.600 քկմ տարածքը, այո, անկլավները ներառյալ է, Արծվաշենն էլ է անկլավ, երբ մենք խոսում ենք 86.600 քկմ տարածքի մասին, դա օդում գտնվող տարածք չէ, դա նշանակում է, որ 29.800 քկմ տարածքը Հայաստանն է։ Այսինքն՝ ասելով մեկը, դու ապացուցում ես մյուսը։ Խնդրում եմ, այդ ընկալումը լինի, զարմանում եմ, որ այդ ընկալումները չկան»,- նշեց ԱԺ նախագահը

Բայց ԱԺ նախագահն այդուամենայնիվ շեշտեց՝ շատ վատ է, որ Ադրբեջանը հրապարակավ չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը, քանի որ հանդիպումների ժամանակ այդ պնդումը հնչել է, որի մասին հայտարարել է Շառլ Միշելը, հետևաբար՝ պետք է հնչի, քանի որ դրա համար են բանակցություններ վարում։

«Մենք մեր երկիրը պիտի բերենք խաղաղության և մենք մեր «կարմիր գիծը» գծել ենք, հիմա այդ թիվը, որը մենք քննարկում ենք, մեր կողմից է դրվել շրջանառության մեջ։ Այնպես չէ, չէ՞, որ ընդդիմությունը կամ Ադրբեջանն է այդ թիվը դրել շրջանառության մեջ»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս