Փաշինյանը՝ դեպի Բրյուսել, Ալիևը՝ Մոսկվա․ ի՞նչ է նախապատրաստում Մոսկվան, և ո՞ր հարթակում կշարունակվեն Փաշինյան-Ալիև բանակցությունները

Հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ նախատեսվող Փաշինյան-Ալիև հանդիպումը չի կայանա։ Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ով ռեգիոնում էր ըստ էության այս այցը կազմակերպելու նպատակով, իսկ տարածաշրջանը լքելուց հետո հույս էր հայտնել, որ հանդիպումը կկայանա։

Նախօրեին Կլաարը նշել է․ «Մեր նպատակն է, որ Ղարաբաղի հայերը վերադառնան իրենց տուն: Կարևորելով Գրանադայի հանդիպումը, որին չէր մասնակցել Իլհամ Ալիևը, մենք փորձում ենք հիմա Բրյուսելում կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպում»: Եվրոպացի չինովնիկն ասել է, որ չնայած դանդաղ ընթացքին՝ հավատում ենք, որ արդյունքը փաստաթղթի ստորագրումը կլինի:

Բրյուսելում հնարավոր եռակողմ հանդիպման մասին հայտարարել էր Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը ամսվա սկզբին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, որի շրջանակում նախատեսվում էր հնգակողմ հանդիպում՝ Մակրոն-Փաշինյան-Միշել-Շոլց-Ալիև. Ադրբեջանի նախագահը հրաժարվել էր մասնակցել:

Ղարաբաղն ամբողջությամբ ստանալուց հետո, որը, ի դեպ, տեղի ունեցավ արևմտյան հարթակի՝ մասնավորապես, Պրահայում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայի հայտարարության և դրան հաջորդող ՀՀ իշխանությունների քաղաքական հայտարարությունների պատճառով, Ալիևը սկսել է մերժել արևմտյան հարթակի շրջանակում բանակցությունները և ընդհանուր առմամբ Արևմուտքի միջնորդական ջանքերը՝ սկզբից մերժելով այս ամսվա սկզբին Գրանադայում նախատեսվող հնգակողմ բանակցությունները, այնպես էլ այս օրերին Բրյուսելում Միշելի միջնորդությամբ նախատեսվող հանդիպումը։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր հերթին՝ հստակեցրել է, որ ակնհայտորեն Բրյուսել բանակցությունների մեկնելու ժամանակ չի գտել Ադրբեջանի նախագահը, որովհետև ՀՀ-ն հիմա էլ պատրաստ է մասնակցել այդ հանդիպմանը՝ ընդգծելով, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին։

Այս ֆոնին ուշագրավ է հիշեցնել, թե ինչպիսի հայտարարություններ սկսեց անել Ալիևն Արցախում իր կազմակերպած վերջին ռազմական օպերացիայից և Արցախի ամբողջական բռնի տեղահանությունից առաջ և հետո։ Ադրբեջանի նախագահը դեռ անցյալ տարի հայտարարում էր, որ Բաքուն բարձր է գնահատում ԵՄ դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հետկոնֆլիկտային կարգավորման գործում։ «Մենք ԵՄ-ին համարում ենք ազնիվ միջնորդ և ողջունում ենք նրանց ջանքերը: Եթե Մինսկի խումբն այժմ չի գործում, մենք կարծում ենք, որ ԵՄ-ն կարող է իր դերը կատարել կարգավորման գործընթացում»,- ասել էր Ալիևը դեռևս 2022թ. ապրիլի 29-ին։ «Մենք սատարում ենք դրան և արդեն տեսնում ենք մեր աշխատանքի պտուղները… Բրյուսելը դարձել է իմ հիմնական այցելությունների վայրը»,- հավելել էր նա: Ադրբեջանի ղեկավարությունը պահպանեց այս հռետորաբանությունը չնչին փոփոխություններով մինչև վերջերս, իսկ արդեն վերջին ռազմական օպերացիայից հետո Ալիևն ավելի նպատակահարմար համարեց «նայել» դեպի Մոսկվա։

Իսկ ահա Գրանադայում նախատեսվող հանդիպումից օրեր անց ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 53-րդ նիստին Ալիևն ասել էր, որ ՌԴ միջնորդությունն իրենք երախտագիտությամբ են ընդունում, քանի որ Ռուսաստանն իրենց հարևանն ու դաշնակիցն է, նաև Հայաստանի դաշնակիցն է։ «Այդ երկիրը մեր տարածաշրջանում է՝ ի տարբերություն այն պետությունների, որոնք հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա են գտնվում։ Եվ բնական է, որ մեր երկրների պատմությունը ենթադրում է ռուսական կողմի միջնորդությունը»,- ասել էր Ալիևը։

Նա նաև տեղեկացրել էր, որ Բիշքեկում պետք է կայանար Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը, բայց Հայաստանը հրաժարվել է հանդիպումից։ «Մենք պատրաստ ենք շարունակել աշխատանքը խաղաղության պայմանագրի վրա։ Եթե Ռուսաստանի Դաշնության միջնորդությունը մերժվի հայկական կողմից, կարծում եմ, որ այլընտրանք կարող են լինել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև ուղիղ բանակցությունները»,- ասել էր Ալիևը։

Նա իր մեկ այլ ելույթում նաև Թբիլիսիին էր առաջարկել կարգել միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Նույն ԱՊՀ այդ նիստին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ «ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը»: «Օրակարգում Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումն է՝ վերջնականապես վերջ դնելու այս երկարամյա հակամարտությանը։ Ռուսական կողմը, իհարկե, պատրաստ է մեր գործընկերներին ցուցաբերել հնարավոր բոլոր օգնությունն այդ հարցում: Մասնավորապես, համաձայն ենք Մոսկվայում բանակցությունների կազմակերպմանը, անհրաժեշտության դեպքում, ցանկացած ձևաչափով»,- ասել էր Պուտինը:

Ուշագրավ է նաև, որ չնայած Փաշինյանը հայտարարում է ՀՀ արտաքին քաղաքական վեկտորը չփոխելու մասին, իսկ Ստրասբուրգում խոսում ՀՀ-ԵՄ հարաբերությունները խորացնելու պատրաստակամության մասին, հայ-ռուսական հարաբերություններում գերակշռում են խնդիրները, տարաձայնություններն ու միջպետական սկանդալները։ Հայտնի դարձավ նաև, որ 2023թ. հոկտեմբերի 23-ին «‎Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդման առնչությամբ ՀՀ ԱԳՆ է կանչվել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, և հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր: Թեհրանում հոկտեմբերի 23-ին կայացել էր «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երկրորդ հանդիպումը Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների մասնակցությամբ։ Բացի պաշտոնական արարողությունից, այս միջոցառման շրջանակում նախարարների միջև շփումներ տեղի ունեցան՝ և պաշտոնական, և ոչ պաշտոնական։ ՀՀ ԱԳ նախարարը շփում կամ հանդիպում չունեցավ միայն ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ։

Իսկ ռուս-ադրբեջանական շփումներն ինտենսիվ ռեժիմով շարունակվում են։ Բիշքեկում վերջերս Ալիև-Պուտին բանակցություններից հետո, Թեհրանում նախարարական հավաքից հետո հոկտեմբերի 24-ին կայացել է Լավրով-Բայրամով հեռախոսազրույց։ ՌԴ ԱԳՆ փոխանցմամբ, զրույցի ընթացքում նախարարները քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր։ «Հաստատվել է 2020-2022թթ. ընթացքում ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ուժեղացման անհրաժեշտությունը», – ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Արտգործնախարարներն անդրադարձել են նաև Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով հանդիպման արդյունքներին՝ բարձր գնահատելով դրանք և պայմանավորվելով շարունակել հետագա ռիթմիկ աշխատանքը՝ այդ ձևաչափի խթանման համար։ Իսկ հոկտեմբերի 25-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարները, ներկա իրավիճակը և տարածաշրջանում վերջին զարգացումները, ինչպես նաև Թեհրանում տարածաշրջանային «3+3» հարթակի շրջանակում տեղի ունեցած հանդիպման արդյունքները։ Բայրամովն ասել է, թե խաղաղության պայմանագրի ստորագրման իրական հնարավորություններ կան Հայաստանի և Ադրբեջանի միջև այն բանից հետո, երբ Բաքուն Արցախում էթնիկ զտում իրականացրեց։

«168 Ժամ»-ի ռուսաստանյան աղբյուրների փոխանցմամբ, ՌԴ ԱԳՆ-ն Խաղաղության պայմանագրի պլան է մշակում։ Ըստ մեր զրուցակցի, ռուսական վերջին պրոյեկտից հետո, որը մերժվեց անցյալ տարի, որը դիտարկում էր ԼՂ կարգավիճակի հարցի անժամանակ առկախումը, ռուսական կողմը չի զբաղվել որևէ պրոյեկտի մշակմամբ և կողմերին ներկայացմամբ, սպասելով եվրոպական հարթակում կողմերի աշխատանքի արդյունքին, քանի որ ՌԴ պրոյեկտը մերժվել է։

«Ադրբեջանը համաձայնություն է տվել շարունակել պրոյեկտի մշակումը ՌԴ-ի միջնորդությամբ, և ռուսական կողմը, բնականաբար, իր առաջարկներն է փաթեթավորում, որպեսզի վերջնական տեքստ կազմվի և ներկայացվի կողմերին։ Չի բացառվում, որ այս առաջարկը մերժվի Երևանի կողմից, սակայն Ադրբեջանի դիրքորոշումն ավելի վճռական է բանակցային գործընթացում, որպես հաղթող կողմ, ուստի ՌԴ-ն կշարունակի իր ջանքերը։ Դա կարևոր է, քանի որ, բացի այն, որ ՌԴ-ն մշտապես է միջնորդ եղել, այլև ունի կոնտինգենտ Ղարաբաղում, և այս տեսանկյունից ավելի ճիշտ է, որպեսզի կողմերը քննարկեն պայմանագիրը ՌԴ-ում։ Այդ պայմանագրում, բնականաբար, պետք է ամրագրվի նաև խաղաղապահների ապագան»,- ասաց մեր զրուցակիցը։ Նա նաև ասաց, որ Մոսկվայի համար Հայաստանի «նեղացածի կարգավիճակը» ընկալելի չէ, քանի որ Ռուսաստանը չի ցանկացել նման ելք ԼՂ-ի համար։ «Նման զարգացումները հնարավոր դարձան Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից հետո, որով էլ պաշտոնապես վերջ դրվեց ՌԴ այն դիրքորոշմանը, որ կարգավիճակը հետագայում պետք է քննարկվի, վերջ դրվեց, քանի որ ՀՀ-ն այլ կարծիք ունի այդ մասին, ու դա հայտարարվեց պաշտոնապես, ինչը դարձավ ռուս-ադրբեջանական բարձրաստիճան հարաբերություններում շահարկման առարկա»,- ասաց մեր զրուցակիցը։

Մեզ հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան, կովկասագետ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ բանակցային գործընթացում ստեղծվել է այնպիսի մի փուլ, երբ Երևանը նախընտրում է Բրյուսելը կամ հավաքական Արևմուտքը, իսկ Ադրբեջանը՝ Մոսկվան։ Նա նշեց, որ կարևոր է հասկանալ վերջին օրերի զարգացումները։
Նրա խոսքով, «3+3» ձևաչափով տեղի է ունենում Հարավային Կովկասում անվտանգության երաշխավորության հանձնում Ռուսաստան-Թուրքիա-Իրան ձևաչափով, այսինքն՝ Ռուսաստանն իր երբեմնի ազդեցությունը ներկայումս կիսում է, որպեսզի այս ռեգիոնում չկորցնի իր ազդեցությունը, ինչպես նաև Արևմուտքի՝ այս ռեգիոն ներթափանցման ծրագրերի դեմ պայքարի ավելի լայն ճակատով։

«Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի շահերն այս հարցում համընկնում են, և այս երկրները չեն ցանկանում Արևմուտքի ազդեցության ընդլայնում։ Այս երկրները հենց այդ նպատակից ելնելով՝ ճանաչում են Ռուսաստանի միջնորդական դերակատարությունը։ Այդ դերակատարության հետ, ինչպես տեսնում եք, խնդիր չունի նաև Ադրբեջանը, խնդիր ունի միայն ՀՀ իշխանությունը, քանի որ նրանք գործում են Արևմուտքում։ Ստացվում է, որ բանակցությունների վերսկսման դեպքում մասամբ կմեծանա նաև Թեհրանի ու Անկարայի դերը բանակցային գործընթացում, որը Թուրքիայի մասով ձեռնտու է Ադրբեջանին, Իրանի մասով՝ Հայաստանին։ Սակայն այս մասին դեռ վաղ է խոսել, քանի որ Ռուսաստանում բանակցությունները շարունակելու վերաբերյալ համաձայնություն ՀՀ-ն չի տվել։

Սակայն ի՞նչ կարող է անել ՀՀ-ն Արևմուտքում, եթե ռեգիոնալ ձևաչափերը հաջողությամբ աշխատեն։ Այնուամենայնիվ այս ձևաչափի հաջողությունը կլինի արդար, քանի որ հայ-ադրբեջանական կարգավորումը, ճանապարհների բացման, սահմանազատման հարցերը վերաբերում են հենց ռեգիոնին և ոչ Արևմուտքին։ Արևմուտքն այդ գործունեությունը ծավալում է մեկ հստակ նպատակով, առաջինը թիրախում ունենալով ՌԴ-ին, ապա Իրանին, Թուրքիայի հետ որոշակի բացառություններով։ Ուստի գործընթացը կա, ՌԴ-ն Ադրբեջանի համաձայնությամբ փորձում է վերականգնել իր միջնորդական դերն իր առաջարկներով և հետագայում Խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, որը կարող է որոշակի ժամանակ պահանջել Երևանի խնդրահարույց դիրքորոշման պատճառով»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս