ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստան

Վրաստանի Սահմանադրական դատարանի հրավերով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի գլխավորած պատվիրակությունը 2023 հոկտեմբերի 19-ից 21-ը այցելել է Բաթումի։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունը։

Վրաստանի Սահմանադրական դատարանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի և Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի առանձնազրույցը, որին հաջորդել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Բարձր դատարանների դատավորների մասնակցությամբ աշխատանքային հանդիպումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու պետություններում սահմանադրական վերահսկողությանը, ընդհանուր իրավասության դատարանների հետ Սահմանադրական դատարանների փոխգործակցությանը, Բարձր դատարանների նախադեպային որոշումներին և ինստիտուցիոնալ երկխոսության մեխանիզմներին առնչվող հարցեր։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը

բարձր է գնահատել երկու երկրների Սահմանադրական դատարանների համագործակցությունը՝ կարևորելով փոխգործակցության շարունակականությունն ու փորձի փոխանակումը։

Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավան շնորհակալություն

է հայտնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի պատվիրակությանը այցի համար, ընդգծելով Բարձր դատարանների միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարևորությունը։

Այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ Վրաստանի գործընկերների հետ այցելել է Բաթումի «Սուրբ Փրկիչ» հայ առաքելական եկեղեցի։

Ճանաչողական այց է իրականացվել Բաթումիում գտնվող միջնադարյան շրջանի Պետրաամրոց։

Տեսանյութեր

Լրահոս