Բաժիններ՝

Կրոնակնն ու քաղաքականը. մաուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի մասին գրում են թե լավը, թե վատը: Ընդ որում, որքան էլ հակասական թվա, երկու կողմերի փաստարկների մեջ էլ կա բանական հատիկ: Եվ այդ երկվությունը գալիս է նրանից, որ մենք մինչև վերջ չենք հասկանում այդ քաղաքական գործչի վարքի տրամաբանությունը:

Ամբողջ խնդիրն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը համատեղում է, զուգորդում է կրոնա-բարոյական և քաղաքական պայքարը: Կրոնը շատերիս՝ նաև իմ պատկերացմամբ, անձնական, անհատական, նվիրական գործ է, կրոնական զգացմունքները չարժե ի ցույց դնել հրապարակում: Եթե ես ճիշտ եմ ընթերցել Ավետարանը, ապա այնտեղ նույնպես գրված է, որ աղոթքը, պահքը կամ մոմավառությունը չպիտի լինեն ցուցադրական:

Ի հակադրություն դրա՝ քաղաքական գործունեությունը չի կարող չկրել հրապարակային բնույթ, որովհետև քաղաքական գործիչն իր գաղափարներն ու ծրագրերը ձգտում է հասցնել հնարավորինս լայն զանգվածների:

Երկու տարի առաջ՝ գարնանը, երբ Ազատության հրապարակը «պատկանում էր» Լևոն Տեր-Պետրոսյանին, վերջինս, որքան հասկանում եմ, մոտավորապես այդ փաստարկներով էր քննադատում Րաֆֆի Հովհաննիսյանին: Գուցե առաջին նախագահի խոսքերը չափից դուրս խիստ էին, գուցե դա հիմք չպիտի հանդիսանար այն պահին պարոն Հովհաննիսյանին չբարևելու համար, բայց հոգևորի և աշխարհիկի, ֆիզիկականի և մետաֆիզիկականի տարանջատումը, որն առաջարկում էր Տեր-Պետրոսյանը, գոնե ինձ համար միանգամայն ընդունելի է:

Իսկապես, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է անում, որովհետև հիմա Մեծ պահքի շրջան է, և նա ուզում է ինքնամաքրվել, ինչպես որ ինքն է ասում, այդ դեպքում նման բաներով պետք է զբաղվել տանը՝ որևէ մեկին տեղյակ չպահելով սեփական ինքնազոհության մասին:

Եթե, այնուամենայնիվ, նա հացադուլ է անում, որպեսզի ստիպի Սերժ Սարգսյանին հրաժարական տալ, իսկ չհաջողելու դեպքում պատրաստ է զոհվել, ինչպես որ նույնպես հայտարարում է, ուրեմն Մեծ պահքի և ինքնամաքրման մասին խոսելն անիմաստ է, անպատեհ:

Բայց պետք է հաշվի առնել, որ Սփյուռքում քաղաքականի և կրոնականի միջև չկա այն հստակ սահմանը, որը գոյություն ունի այստեղ մեր հոգեբանության մեջ: Սփյուռքում տասնամյակներ շարունակ եկեղեցին, ի պատիվ իրեն, հսկայական դերակատարություն է ունեցել հայապահպանման, տարբեր երկրների հայկական համայնքները կազմակերպելու և այս կամ այն չափով ղեկավարելու գործում: Այդ ամենի հետևանքով վերաբերմունքը կրոնի, եկեղեցու, նրա ինստիտուտների նկատմամբ տարբեր է այստեղ՝ Հայաստանում, և Սփյուռքում: Ինձ, օրինակ, ինչպես և հարյուր հազարավոր հայաստանցիների, բացարձակապես չի հետաքրքրում՝ կգա՞ Ամենայն հայոց կաթողիկոսը նախագահի երդմնակալությանը, թե՞ չի գա: Մեզ համար նա համակարգի մի մասն է՝ երդման արարողությանը նրա ներկայությունը կամ օրհնությունը նույն նշանակությունն ունի, ինչ որ ցանկացած հանրապետական պատգամավորի պարագայում: Րաֆֆի Հովհաննիսյանի վերաբերմունքն այլ է: Սա է, հավանաբար, տարբերությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս