«Ամեն ինչ չէ, որ մեզանից է կախված. սադրանքների մի դիմեք՝ սթափ ու զգոն եղեք». Սամվել Շահրամանյան
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր Արցախի ներկայացուցչությունում բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցների հետ փակ հանդիպումից հետո, դուրս եկավ և ներկայացուցչության շենքի մոտ հավաքված արցախահայերին փոխանցեց, թե ինչ են քննարկել հանդիպման ժամանակ
«Մի խումբ քաղաքացիների ենք ընդունել և պարզաբանումներ տվել իրենց հնչեցրած հիմնական հարցերին։ Հարցերի մեծ մասը սոցիալական բնույթի էին, այսինքն՝ աշխատանքի տեղավորման, աշխատավարձերի տրամադրման և այլն։ Բոլոր հարցերին տրվել է պատասխան, որքանով մեր լիազորությունները ներում են»,- նշեց Սամվել Շահրամանյանը։
Նա նաև ընդգծեց՝ պատրաստ են բռնի տեղահանված անձանց խնդիրները գույքագրել ու ներկայացնել համապատասխան վայր։
«Ամեն ինչ չէ, որ մեզանից է կախված, բայց մենք փորձելու ենք ձեր հարցերին լուծում տանք։ Այդ նպատակով որոշել ենք, որ այստեղ տրամադրենք երկու սենյակ, և այն քաղաքացիները, որոնք ցանկություն են հայտնել, կամավոր զբաղվեն ձեր հարցերով, գույքագրեն և ներկայացնեն մեզ, հետագա ընթացք տալու համար ունենալու են այդ հնարավորությունը։
Հաջորդ հարցը քաղաքական է, մեր հետագայի հետ կապված։ Ուզում եմ ձեզանից, բոլորիցդ ներողություն խնդրել, բայց կան հարցեր, որոնք ճիշտ չեմ համարում բարձրաձայնել, դա կարող է մեծ վտանգներ պարունակել։ Խնդրում եմ, այսքանով բավարարվենք։ Զգոն եղեք, պետք չէ դիմել սադրանքների, սա մեզ բնորոշ չէ, մենք իրավունք չունենք այսօր իրար մեջ նման ձևաչափով, նման գործալաոճ դրսևորենք։ Երբեք ես չեմ հրաժարվել որևէ մեկի հետ բանակցել կամ հանդիպել, այդ թվում՝ այն մարդկանց հետ, որոնց դուք համարում եք, որ անհրաժեշտ է ներգրավվեն։ Լրիվ բաց ենք բոլորի համար»,- շեշտեց Սամվել Շահրամանյանը։
Նա հորդորեց հավաքվածներին գնալ ու զբաղվել առօրյա հոգսերով, ասաց, որ բոլորի խնդիրներն իրենց համար պարզ են, և առաջիկայում բոլորն էլ հանրայնորեն կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները։
«Համոզված եմ՝ բոլորիդ մեջ էլ կան հարցեր ու պատասխաններ, մենք հայտնվել ենք բարդ իրավիճակում, և այս իրավիճակից դուրս գալու համար մեզ պետք է միայն ու միայն միասնականություն։ Ես գիտեմ, դուք տարբեր մարդկանց եք մեղադրում, տարբեր հարցեր եք բարձրաձայնում, ես բոլորի ներկայությամբ հայտարարում եմ, այն, ինչ օրինական պահանջ է ձեր կողմից՝ ձեր կողքին կանգնած եմ, բայց ինչն անօրինական պահանջ է, չեմ կարող այդ ամենին ներգրավվել։ Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի չվտանգենք Հայաստանի Հանրապետությունը և Արցախի հետագա ճակատագիրը։ Ձեզանից խնդրում եմ՝ ցուցաբերեք քաղաքացիական հասկացողություն այս հարցի շուրջ, կան հարցեր, որոնց ես այստեղ բոլորիդ չեմ կարող պատասխանել, բայց առաջիկայում այդ հարցերի պատասխանները տրվելու են»,- եզրափակեց Սամվել Շահրամանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում