Հայտարարություններ անող ուժերի «ժամն ավարտված է, հերթը՝ գործը կարևորելու ժամանակն է» (տեսանյութ)

Իշխանությունը շատ է խոսում բանակցությունների մասին, բայց, ցավոք սրտի, չի հասկանում՝ ի՞նչ է կատարվում Հայաստանում: Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Վերջինս անդրադարձավ նաև նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի և Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունների հակասություններին: Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը հացադուլի հայտարարությունից մեկ ժամ հետո հրավիրում է Րաֆֆի Հովհաննիսյանին հանդիպման, բայց վերջինս պատասխանում է, որ այս ընթացքում ինքը հանդիպման նպատակով միշտ դիմել է Սերժ Սարգսյանին և հիմա հացադուլ է հայտարարել, պատրաստ է հանդիպել Սերժ Սարգսյանին ցանկացած պահի՝ թե՛ բաց, թե՛ փակ հանդիպման ձևաչափով: Իսկ մնացած բոլոր հայտարարությունները, ըստ որոնց՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել կամ խուսափել է հանդիպումից, ըստ Ռուբեն Հակոբյանի՝ ապատեղեկատվություն է:

Հարցին, թե, ի վերջո, ո՞ր ուժերն են միացել Ր. Հովհաննիսյանի շարժմանը, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, որ կան ուժեր, որոնք արտահայտել են իրենց դիրքորոշումն ու ելույթներ են ունենում հարթակում, ինչպես Հայ Հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ), և այնպիսի քաղաքական ուժեր, որոնք հայտարարություններ են արել: Ռ. Հակոբյանը, սակայն, ասաց, որ հայտարարություններ անող ուժերի «ժամն ավարտված է, հերթը՝ գործը կարևորելու ժամանակն է»:

Ինչ վերաբերում է Սևանում կազմակերպված հավաքի ժամանակ իրավիճակը սրելու համար եկած խմբի անդամներից մեկին «թուրք» անվանելուն, Ռուբեն Հակոբյանը մասնավորեցրեց. «Բոլոր նրանք, ովքեր կեղծել են ընտրությունները, դրանք մեր ներսի թուրքերն են: Թուրքը պատմականորեն կերպարանավորում է մեր թշնամուն: Գարեգին Նժդեհն էլ ասում էր՝ նրանք մեր ազգի տականքներն են»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս