«Ով գալիս է կա՛մ փող է ուզում, կա՛մ՝ տան բանալի». Ս. Բալասանյան

Այսօր կայացել է Գյումրու ավագանու հերթական նիստը: Այս մասին հաղորդում է galatv.am-ը: Ավագանու հաստատմանը նախ ներկայացվել է Գյումրու 2012 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Քաղաքապետարանի ֆինանսների բաժնի ղեկավար Լենա Ջիլավյանը ներկայացրել է բյուջեի եկամուտներն ու ծախսերը, խոսվել է նաև համայնքային կառույցի ունեցած ֆինանսական պարտքերի մասին, դրանց մեծ մասն, ըստ ֆինանսների բաժնի ղեկավարի, արդեն փակվել են:

Իր հերթին Գյումրու քաղաքապետը նշել է, որ քաղաքապետարանում իրականացված ստուգումների արդյունքում բացահայտվել են չհավաքագրված գումարներ.

«Խոսքը քաղաքի կայանատեղիների մասին է, այժմ դատական հայցերի, քաշքշուքի մեջ ենք. 99 տարով ավտոկայանատեղին տվել են վարձով: Կազմվել է համապատասխան ակտ, որը գտնվում է համապատասխան մարդկանց մոտ, հիմա կա, քննվում է համապատասխան մարմիններում, մնում է խոսել չորս միլիոն շինարարների պարտքի մասին»,- նշել է Սամվել Բալասանյանը:

Գյումրու ավագանին միաձայն ընդունել եվ հաստատել է բյուջեի տարեկան հաշվետվությունը: Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է քաղաքապետարանի արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքը պետական սեփականություն փոխանցելուն:

Ուսումասիրվել է և պարզվել, որ խախտում էլ է եղել:

«Փաստորեն, շատ խառը վիճակում է գտնվում՝ չկանոնակարգված, որոշեցինք կազմել համապատասխան հանձնաժողով, որպեսզի զբաղվի այդ հարցով»,- նշել է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Ասատրյանը:

«Ով գալիս է կա՛մ փող է ուզում, կա՛մ՝ տան բանալի»,- նշել է Սամվել Բալասանյանը` անդրադառնալով օրակարգի հերթական հարցին, որը նախատեսել է դրամական աջակցություն սոցիալապես անապահով ընտանիքներին:

Տեսանյութեր

Լրահոս