2,5 անգամ աճել են սուր շնչառական վարակները
Հայաստանում սուր շնչառական վարակներով հիվանդացության թիվն աճել է 2,5 անգամ: Ինչպես հաղորդում են ՀՀ առողջպահության նախարարությունից, եթե փետրվարի 18-24-ը գրանցվել է 5033, ապա փետրվարի 25-ից մարտի 3-ը` 10688 դեպք: Ըստ նախարարության՝ աճը պայմանավորված է ինչպես առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ, այնպես էլ հիվանդանոցներ բնակչության ակտիվ դիմելիությամբ և գրիպի ու սուր շնչառական վարակների սեզոնայնության այժմյան օրինաչափությամբ:
Ներկայումս հանրապետության մարզերում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպությունուններում բուժում են ստանում սուր շնչառական վարակներով 214 և թոքաբորբերի թեթև ձևերով 98 հիվանդ: Երևանում սուր շնչառական վարակներով 353 և թոքաբորբի թեթև ձևերով 106 հիվանդ է օգնություն ստանում:
Երևանի ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժում է ստանում 20 հիվանդ, որոնց վիճակը հիմնականում գնահատվում է միջին ծանրության։ Միայն մեկ հիվանդի վիճակն է գնահատվում ծանր` պայմանավորված ուղեկցող հիվանդություններով և ուշ դիմելիությամբ: Կազմակերպված և իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում արձանագրված դեպքերի գրեթե 70%-ը պայմանավորված է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակով, 20%-ը` գրիպի Բ տեսակով: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հանրապետությունում շրջանառում են նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ` ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ: