Բաժիններ՝

«Սեր ենք քարոզում, թե չէ՝ ֆոկուսները երկրորդական են». տեղի ունեցավ “Սասունցի David Copperfield” ներկայացման պրեմիերան

Հոկտեմբերի 6-ին Երևանի կամերային թատրոնում պրեմիերա էր, հայ հանդիսատեսին ներկայացվեց «Սասունցի Դեյվիդ Կոպերֆիլդ» ներկայացումը։

Պիեսի հեղինակն ու բեմադրող ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանն է։

Ինտերակտիվ այս ներկայացումը սիրո ու դրա հրաշագործության մասին է՝ համեմված աշխարհահռչակ մոգ Դեյվիդ Կոպերֆիլդի մոգությամբ։

Կարդացեք նաև

Ներկայացման ամբողջ սյուժեն հյուսվում է այն գործողությունների շուրջ, որ Դեյվիդ Կոպերֆիլդը հյուրախաղերով իր մենեջերի հետ գալիս է Հայաստան։ Ներկայացման ժամանակ երկու երիտասարդ հանդիսատես, չհավատալով Դեյվիդ Կոպերֆիլդի հրաշագործությանը, ամբողջ ընթացքում խանգարում են ներկայացման ընթացքին։ Նրանցից մեկը սիրահարվում է Կոպերֆիլդի օգնականին՝ Էմիլիին, և չնայած բոլոր դժվարություններին, նրանք ամուսնանում են և ապրում Հայաստանում։ Իսկ ամերիկացի Էմիլիին հայ ժողովրդի պատմությունը պատմելու փոխարեն, նրան սիրահարված երիտասարդ հայ տղան նվիրում է քանդակազարդ խաչքար, որը, չնայած իր ծանրությանը, ամբողջ ընթացքում աղջկա մոտ է մնում։

Դեյվիդ Կոպերֆիլդի մենեջերին՝ Ջորջին, ներկայացման մեջ մարմնավորում է թատրոնի դերասան Ներսես Մարկոսյանը։ Նրա խոսքով՝ ներկայացումը դիտելուց հետո հայ հանդիսատեսը դահլիճից լավ տրամադրությամբ դուրս կգա ու իր հետ սեր կտանի։

«Իհարկե, ներկայացումը կատակերգություն է՝ լուրջ մոտիվներով, նաև սյուրռեալիզմ է, քանի որ կան ռեալիստական գծեր։

Դեյվիդ Կոպերֆիլդի նմանությամբ իրականում ֆոկուսներ, իհարկե, անում ենք, շատերն ասում են՝ այս ինչպե՞ս արեցիք, դժվար է այդ առումով։ Այստեղ հատկանշականն այն է, որ վերջում սեր է ծնվում ամերիկուհու ու գյուղից եկած մի տղայի միջև, և ներկայացման հիմնական գաղափարը հենց սերն է, սեր ենք քարոզում, թե չէ՝ այդ ֆոկուսները երկրորդական են»,- 168.am հետ զրույցում նշեց Ներսես Մարկոսյանը։

Նրա խոսքով՝ ներկայացման մեջ Ջորջի կերպարը կարևոր կերպարներից է, քանի որ Դեյվիդ Կոպերֆիլդի ամբողջ ներկայացումն ինքն է վարում բեմում՝ որպես նրա մենեջեր։

«Այստեղ ինձ համար նորությունն այն է, որ միակ՝ եզակի ներկայացումն է, որտեղ ես խոսում եմ միայն անգլերեն լեզվով։

Սակայն անգլերենի այդ բարիերը մենք հաղթահարեցինք, հետաքրքիր ներկայացում է»,- նկատում է դերասանը։

Դեյվիդ Կոպերֆիլդին մարմնավորող դերասան Ավետ Զոհրաբյանը, ով առաջին անգամ է հանդիս գալիս կատակերգական ժանրում, ասում է, որ ներկայացման մեջ հիմնականում փորձել են ցույց տալ այն հնարքները, որոնք ժամանակին արել է Կոպերֆիլդը։

«Օրինակ, «մահվան սղոցի» հնարքը մենք նույնությամբ կրկնում ենք, գուցե հանդիսատեսը վախենա, քանի որ անձամբ ինձ ասել են, որ բավականին վախեցնող համար է։ Այդ առումով ես ուրախ եմ, քանի որ, եթե դու կարողանում ես հանդիսատեսի մոտ շարժել էմոցիաներ՝ վախ, տագնապ, ծիծաղ, լաց, նշանակում է՝ աշխատանքն ինչ-որ ձևով ստացվել է։

Բայց այս ներկայացումը մոգի ու ֆոկուսի մասին չէ, սիրո, հայրենիքի, հայրենիքը սիրելու, դիմացինին գնահատելու, դիմացինի ցավով ապրելու մասին է։ Այս ամենի արդյունքում ստացվել է փայլուն ու շքեղ մի ներկայացում այնքանով, որքանով այս պահին հանդիսատեսին պետք է»,- եզրափակեց Ավետ Զոհրաբյանը։

Նշենք, որ ներկայացման պրեմիերան նախատեսված էր ավելի վաղ, սակայն հետաձգվել էր Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության դեմ  լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու պատճառով։

Տեսանյութեր

Լրահոս