ՀՅԴ-ում քննարկել են ԲՀԿ-ի հետ միավորվելու հարցը և միանշանակ մերժել. մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ հայտարարությունն այն մասին, որ իրենք բաց են քննարկումների համար և պատրաստ են իրենց առանցքի շուրջ համախմբվողներին ընդունել, մեր տեղեկություններով, հիմնականում ուղղված է եղել Դաշնակցությանը:
Այստեղ դեմ չեն գաղափարական առումով իրենց առավել մոտ կանգնած «հին ընկերներին» ընդգրկել իրենց ցուցակում՝ բնականաբար, ոչ առաջին տեղում և ոչ շատ մեծ քվոտայով, բայց պատրաստ են փոխզիջումների գնալ:
Մեր տեղեկություններով, ՀՅԴ-ում քննարկել են ԲՀԿ-ի հետ միավորվելու հարցը և միանշանակ մերժել՝ ժողովուրդը չի հասկանա: Սակայն ՀՅԴ-ն էլ «դուռը բաց է պահում» հետընտրական քննարկումների և դաշինքի համար:
Եթե ընդդիմադիր ուժերը, անգամ տարբեր ցուցակներով գնալու պարագայում, կարողանան ծանրակշիռ ձայներ ստանալ, իսկ ՀՀԿ-ն մեծամասնություն չկազմի, հնարավոր է միավորվեն և քաղաքապետի իրենց կոնսենսուսային թեկնածուին անցկացնեն»: