ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց նույնականացման աշխատանքներ են ընթանում
Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած բռնի տեղահանված անձանց թիվը հոկտեմբերի 5-ի ժամը 16:00-ի դրությամբ չի փոխվել. Հայաստան է եկել բռնի տեղահանված 100 հազար 632 անձ:
Այս մասին հոկտեմբերի 4-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Նա ընդգծեց՝ հաշվառվածների թվի մեջ շտկումներ են կատարվել: Նույնականացվել և հաշվառվել է ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 98 հազար անձ:
«Հաշվառման գործընթացին զուգահեռ իրականցվում է նույնականացում: Շատ դեպքերում այն անձինք, ովքեր մուտք են գործել Հայաստան հաշվառման մեկ գործընթաց անցել են Գորիսում, երկրորդը՝ կեցության վայրում: Ունենք այնպիսի դեպքեր, երբ կեցության առաջնային վայր մեկնած մեր հայրենակիցները հաշվառում են անցել, այնուհետև տեղափոխվել են այլ վայր և կրկին հաշվառվել: Սա կրկնակի տվյալներ է ստեղծել բազայում, և այժմ նույնականացման գործընթաց է ընթանում»,- մանրամասնեց Բաղդասարյանը։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվում բռնի տեղահանված քաղաքացիներ: