Բաժիններ՝

Լիտվայում 3000 ուսուցիչներ գործադուլի են դուրս եկել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում

Լիտվայի 185 ուսումնական հաստատությունների շուրջ 3000 ուսուցիչներ գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել է կրթական համակարգի աշխատողների արհմիության նախագահ Անդրյուս Նավիցկասը։

«Գործադուլը, որին շուրջ 3000 մանկավարժ է միացել ամբողջ Լիտվայում, չնայած նրանց պառակտելու և բողոքի ցույցի անցկացմանը խանգարելու փորձերին, սկսվել է», – ասել է նա։

Արհմիությունը պլանավորում է, որ բողոքի ակցիան կտևի մեկ ամիս՝ կառավարության շենքի մոտ ամենօրյա հանրահավաքներով։ Գործադուլին մասնակցող դպրոցների պատվիրակությունները Լիտվայի տարբեր քաղաքներից երթով մեկնել են մայրաքաղաք։ Մանկավարժներին միացել են դպրոցականները և նրանց ծնողները։ Ոստիկանությունը մտադիր է այս ամբողջ ընթացքում աշխատել ուժեղացված ռեժիմով։

Սեպտեմբերի 28-ին կրթության, գիտության և սպորտի նախարար Գինտաուտաս Յակշտասը հայտարարել է, որ փոխզիջում է ձեռք բերվել ուսուցիչների հինգ արհմիություններից չորսի հետ աշխատավարձերի բարձրացման ծրագրի շուրջ: Նրանց անդամներին հանձնարարված է ձեռնպահ մնալ բողոքի ակցիային մասնակցելուց։

Արհմիությունը, որը համաձայն չէ կրթության նախարարության դիրքորոշման հետ, նշել է, որ իշխանությունների մտադրությունը՝ հունվարից ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնել 10%-ով, իսկ 2024 թ.-ին՝ ընդհանուր առմամբ 21 %-ով, թույլ չի տա հասնել կառավարության խոստացածին, այն է՝ ուսուցիչների վարձատրության մակարդակը հասցնել երկրում ​​միջին աշխատավարձի 130%-ին: Արհմիությունը պնդում է, որ աշխատավարձերը 20 %-ով բարձրացվեն արդեն սեպտեմբերին, ևս 30 %-ով՝ 2024 թ. հունվարին։

Կառավարության վիճակագրության տվյալների համաձայն՝ Լիտվայում միջին աշխատավարձը մինչև հարկերի վճարումը (դրա վրա ծախսվում է գումարի մոտավորապես մեկ երրորդը) կազմում է 2000 եվրո: Դպրոցներում, որպես կանոն, այդքան վաստակում են միայն տնօրենն ու նրա տեղակալը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս