«Կեղծիքներ եղել են, բայց ոչ այն չափի, ինչ ներկայացնում են». Մարտին Վարդազարյան

Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը համոզված է, որ փետրվարի 18-ի նախագահի ընտրությունների ժամանակ էական խախտումներ չեն եղել:

«Ես չեմ գտնում, որ  նախագահի ընտրությունների ժամանակ այնպիսի խախտումներ  են եղել, որոնք կարող էին ազդել: Եթե փոքր-ինչ ուշադրություն դարձնեք ներկայացված փաստերին, դրանք բոլորը չէին կարող, ոչ մի կերպ չէին կարող ազդել ընտրությունների վրա այն չափով, ինչ ներկայացվում է: Այստեղ արդեն գործում է մասսայական հիպնոսի արդյունքը»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Մարտին Վարդազարյանը:

Կոմպոզիտորը չի ժխտում, որ ժողովուրդն ունի դժգոհություններ, մեզանում մասնավորապես մտահոգիչ է գործազրկության մակարդակը և սոցիալ-տնտեսական իրավիճակը,  բայց դրա ելքն ընդդիմության հանրահավաքներում չի տեսնում: «Ամենայն հարգանք ունենալով Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ՝ չեմ կարծում, որ նա ճիշտ ճանապարհով շարժվեց»,- նշել է կոմպոզիտորը:

Մարտին Վարդազարյանի համար համոզիչ չեն նաև նախագահի ընտրությունների օրը  նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի արձանագրած 100-ից ավելի խախտումները: Նրա կարծիքով՝ մի քանի ձայնի տարբերություն ընդամենը կարող էին արձանագրել: Մարտին Վարդազարյանն առհասարակ թերահավատ է, որ ընտրակեղծիք անում է միայն իշխանությունը: «Տպավորություն է, թե միայն հաղթանակ տանողն է խախտումներ անում»,- նկատել է մտավորականը: Նրա կարծիքով, իսկական գործիչը պետք է շնորհավորի հաղթող թեկնածուին՝ չտանելով հասարակությանը երկպառակության:

Մարտին Վարդազարյանն իբրև օրինակ նշել է ԱՄՆ-ը, որտեղ պարտվող  Ալբեր Գորը շնորհավորել էր Ջորջ Բուշին:  «Դա նաև քաղաքակրթության և բարոյական չափանիշներից կարևորներից մեկն է»,- ասել է արվեստագետը: Այն դիտարկմանը, թե կեղծիք անելը և՞ս բարոյական չափանիշ է, Մարտին Վարդազարյանը հակադարձել է. «Ձեռքը բռնե՞լ են, ո՞վ  և ո՞ր կողմից են արել»: Կոմպոզիտորը նաև նկատել է՝  եթե կեղծիքներ կային, ինչո՞ւ  էին հանձնաժողովի «Ժառանգության» ներկայացուցիչները  և վստահված անձինք ստորագրում  ընտրությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունները:

«Ինձ չի համոզում, որ այդքան կեղծիք է եղել… Ասում են՝ եթե ուզում ես ստիդ հավատալ, շատ մեծ սուտ ասա: Կեղծիքներ եղել են, բայց ոչ այն չափի, ինչպես ներկայացնում են: Ներկայացված թվերով, ստացվում է, որ ավելի շատ կեղծիք է եղել, քան իրական  ընտրություն: Էդպես չի կարող պատահել»,- նկատել է Երևանի ՀՀԿ խմբակցության ավագանու անդամը՝ ավելացնելով, որ նրանք, ովքեր թույլ են տվել խախտումներ, օրենքով կպատժվեն, քանի որ արդեն կան հարուցված քրեական գործեր, այսինքն՝ ընտրությունների օրինականությանը և արդյունքներին կասկածելու առիթ չկա:

Տեսանյութեր

Լրահոս