«10 օրից սուր շնչառական հիվանդությունների կտրուկ նվազում կլինի». Արտավազդ Վանյան

Հայաստանի որոշ մանկապարտեզներում սուր շնչառական հիվանդությունների թվի աճ է  նկատվում: Այդ իսկ պատճառով ՀՀ առողջապահության նախարարությունը քննարկում է հարցն՝ արդյոք անհրաժե՞շտ է մասսայական միջոցառումներ անցկացնել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հիգիենիկ և  հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը: Նա նշեց, որ մանկապարտեզներում երեխաների 5 տոկոսից ավելին պետք է սուր շնչառական հիվանդություններ ունենա, որպեսզի նախարարությունը մասսայական միջոցառումներ ձեռնարկի:

«Ձեզ ասեմ, 1 շաբաթից կամ 10 օրից հետո այս ամեն ինչը կտրուկ նվազելու է, որովհետև սեզոնն է»,- ասաց Արտավազդ Վանյանը: Գրիպի դեմ պայքարելու համար Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս պատվաստվել հիվանդության դեմ: Հարցին՝ արդյո՞ք այժմ Հայաստանում անհրաժեշտություն չկա պատվաստումներ անելու, հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետը պատասխանեց. «Պատվաստումների ազգային օրացույցում մենք գրիպի դեմ պատվաստում չունենք, մեծ մասամբ երկրները դրա դեմ չեն պատվաստում: 2012-ին մենք պատվաստել ենք ռիսկի խմբերին: Ներկայումս այդ պատվաստումը մինչև մայիս ամիս գործում է, այսինքն՝ մենք մեկ էլ պետք է պատվաստենք սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամսին: Եթե մենք ունենանք համաճարակ կամ մասսայական դեպքեր կամ թռչնի գրիպ, նման կարգի լուրջ խնդիրներ, այդ ժամանակ պատվաստանյութերին կանդրադառնանք, բայց ներկայումս այդ խնդիրը չկա»:

Արտավազդ Վանյանը նշեց, որ պատվաստումն արվում է կամավորության սկզբունքով, սակայն առանձին անհատներ չեն դիմում պատվաստումը ստանալու համար. «Մենք անգամ անցյալ տարի փորձեցինք, բերեցինք, անգամ բժիշկներին հորդորում էինք պատվաստվել, բայց շատ բժիշկներ հրաժարվում էին: Մեծ մասը հրաժարվեց: Մենք ստիպողաբար չենք կարող պատվաստել, պատվաստում ենք իրենց ցանկությամբ, և ասեմ, որ մոտ 40 տոկոսը հրաժարվում էր: Հրաժարվում էին ու ասում, որ իրենք չեն հիվանդանա, խնդիր չեն ունենա»:

Տեսանյութեր

Լրահոս