Դամասկոսը կտրականապես դեմ է սիրիական խնդրի խաղաղ կարգավորմանն ԱՊԼ-ի մասնակցությանը
Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ պաշտոնական Դամասկոսը դեմ է սիրիական խնդրի կարգավորմանն Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) մասնակցությանը.
«Հաշվի առնելով այն բացասական ու կանխակալ քաղաքականությունը, որն իրականացնում է ԱՊԼ-ը՝ Սիրիան կտրականապես դեմ է նրա մասնակցությամբ սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման վերաբերյալ յուրաքանչյուր պլանի իրագործմանն ու միջազգային ջանքերին»:
Պաշտոնական Դամասկոսի կարծիքով՝ ներկայումս ԱՊԼ-ն դարձել է նավթի ու գազի պաշարներով հարուստ Սաուդյան Արաբիայի ու Կատարի քաղաքականության պատանդը: Դամասկոսն ընդգծում է, որ հենց այդ երկրներն են ֆինանսավորում Սիրիայի տարածքում գործող զինյալներին, ինչպես նաև ակտիվորեն փորձում են հասնել Սիրիայում արտաքին ռազմական միջամտության:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ում Սիրիայի անդամակցությունը սառեցվել է 2011 թվականի նոյեմբերին: