Արաբկիրի ոստիկանները կիսակառույց ավտոտնակում հայտնաբերել են մահացած երիտասարդի դի և ներարկիչներ (լուսանկարներ)
Այսօր՝ մարտի 6-ին, ժամը 21:30-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Փափազյան 23/1 շենքի մոտ գտնվող կիսակառույց ավտոտնակի նկուղային հարկում տղամարդու դի կա: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել է Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Ոստիկանության Փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները և Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի պետ Վահե Լաչինյանի գլխավորությամբ:
Նշվում է, որ դիակի մոտ հայտնաբերվել են նաև ներարկիչներ, պլաստմասե տարաներ, որոնց մեջ բենզին էր լցված և արյունոտված բամբակներ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը 30-ամյա Բաբկեն Մովսիսյանն է, ով Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր՝ որպես անհետ կորած:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան: Նախկինում թմրամիջոցներ օգտագործելու համար նա դատապարտված է եղել, ինչպես նաև հաշվառված է եղել՝ որպես հոգեկան հիվանդ: