Հայաստանի իշխանությունը զբաղված է աճպարարությամբ. Արման Աբովյան

Օգոստոսի 16-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրատապ նիստում քննարկեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հարցը՝ Հայաստանի դիմումի հիման վրա։

ԱՄՆ-ի նախագահությամբ հրատապ նիստն ընթացավ բաց ռեժիմով, ինչին մասնակցում էին ՄԱԿ ԱԽ 5 մշտական և 10 ընտրված անդամները։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը խորհրդին ուղղված իր դիմումով կոչ արեց կանխել Արցախում զանգվածային վայրագությունները, այդ թվում՝ ռազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը։

2 ժամ տևած նիստն ավարտվեց առանց հայտարարության կամ բանաձևի ընդունման։

Նիկոլ Փաշինյանը, այսօր Կառավարության նիստում անդրադառնալով ՄԱԿ ԱԽ երեկ կայացած նիստի արդյունքներին, գոհունակությամբ նշեց՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումը հաստատեց Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում առկա ճգնաժամը, և, որ 120 հազար բնակչի կյանքն ու անվտանգությունը դրված է վտանգի տակ։

Կարդացեք նաև

168 TV-ի Ռեվյու» հաղորդաշարի եթերում խոսելով ՄԱԿ ԱԽ նիստի մասին՝ վերլուծաբան Արման Աբովյանն այն որակեց աճպարարություն՝ Հայաստանի իշխանության մասնակցությամբ։

Ըստ Աբովյանի՝ երբ Հայաստանի իշխանությունը դիմում է ՄԱԿ-ին ԱԽ նիստ հրավիրելու համար և գնում է այդ նիստին՝ առանց խնդրի լուծման վերաբերյալ որևէ բանաձևի նախագծի, նշանակում է՝ մենք գործ ունենք ընդամենը խնդրի լուծմամբ զբաղվելու իմիտացիայի հետ։

«ՄԱԿ-ում քաղաքական աճպարարության պրիմիտիվ գործընթացի ականատես եղանք, որովհետև, եթե Հայաստանի իշխանության նպատակը Բերձորի միջանցքի բացումն էր, ապա, դրա համար առաջինը պետք է պատրաստվեր փաստաթուղթ՝ բանաձև, որը պետք է տրվեր ՄԱԿ ԱԽ մշտական անդամներին, ինչը չի արվել։ Ուստի,  եթե այս իշխանության նպատակն այն է, որ ընդամենը Բերձորի միջանցքի փակման մասին տեղեկացնեին ՄԱԿ անդամ պետություններին, ապա պետք է շտապեմ  իշխանությանը տեղեկացնել՝ իրենք դրա մասին տեղյակ են, ՄԱԿ անդամ տարբեր պետությունների մակարդակով Բերձորի միջանցքի փակ լինելու մասին հայտարարություններ արդեն եղել են, այդ պետություններն այդ մասին արդեն բարձրաձայնել էին, հետևաբար՝ ՄԱԿ-ում ևս մեկ անգամ բարձրաձայնելն ի՞նչ արդյունք տվեց, անհայտ է»,- ասաց Արման Աբովյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս