Ֆրանսիան շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիային Մեղադրում է տարածաշրջանում լարվածությունը մեծացնելու փորձերի համար։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի՝ նախօրեին կայացած հեռախոսազրույցին՝ նշում է, թե անհեթեթություն է որպես շրջափակում ներկայացնել սահմանային անցակետի գործունեությունը, որն ստեղծվել է Լաչինի ճանապարհին քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անվտանգությունը երաշխավորելու Ադրբեջանի պարտավորության համաձայն, ինչպես նաև «Հայաստանի կողմից՝ այն ռազմական և անօրինական տնտեսական նպատակներով» կիրառելը կանխելու նպատակով»։

Միևնույն ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ «ֆրանսիական կողմը, հետևելով Հայաստանի մանիպուլյացիաներին, չի աջակցել այլընտրանքային ուղիների օգտագործման համաձայնագրերին, որոնց աջակցել են Եվրամիությունն ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեն»։

Հայտարարության մեջ Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադաձել է նաև ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակ բացելու վերաբերյալ լուրերին՝ դրանք որակելով ապատեղեկատվություն և ընդգծելով, որ ֆրանսիացի նախարարի հղումն այդ միջադեպին՝ ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ֆրանսիան շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև ընդգծել է, թե լուրջ մտահոգության տեղիք է տալիս այն, որ Ֆրանսիան, որը 30 տարի շարունակ աչք էր փակում «ադրբեջանցիների զանգվածային արտաքսման, նրանց դեմ պատերազմական հանցագործությունների» վրա, այժմ փորձում է իրականացնել իր նենգ քաղաքականությունը տարածաշրջանում՝ օգտագործելով հայ բնակիչներին և հենվելով «Հայաստանի կեղծ քարոզչության»  վրա։

Տեսանյութեր

Լրահոս