Արցախցի 9-ամյա աղջնակն ադրբեջանական շրջափակման պայմաններում պայքարում է քաղցկեղի դեմ՝ զրկված նորմալ սնվելու հնարավորությունից
Արցախի Հանրապետությունում հումանիտար աղետն աստիճանաբար խորանում է, շրջափակման պայմաններում հազարավոր երեխաներ չեն կարողանում ստանալ պատշաճ բուժօգնություն, զրկված են նաև սննդից, քանի որ հունիսի 15-ից որևէ հումանիտար օգնություն Արցախ չի մտել։
44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութից տեղահանված Անուշ Անդրյանի բազմանդամ ընտանիքը դժվարությամբ է հաղթահարում շրջափակման հետևանքով առաջացած դժվարությունները։ Այս պահին Անուշն ամուսնու և 6 երեխաների հետ, որոնցից միայն մեկն է չափահաս, բնակվում է Ստեփանակերտում՝ հյուրատանը։ Անուշի 9-ամյա աղջիկն ունի երիկամների քաղցկեղ, վիճակն օրըստօրե բարդանում է, քանի որ մի կողմից՝ անհրաժեշտ դեղորայքը չկա, իսկ մյուս կողմից՝ չկա սնունդ, որպեսզի երեխան նորմալ սնվի։
168.am-ի հետ զրույցում Անուշ Անդրյանն ասաց, որ այսօր առավոտյան երեխան միայն լոբի է կերել, առանց ձեթի՝ խաշած լոբի, իսկ երեկոյան արդեն չգիտեն՝ ինչ պետք է ուտի, որովհետև ոչինչ չկա։
«Ընդհանուր որևէ բան չկա, որևէ բան չենք կարողանում հայթայթել, երեխաս ավշային հանգույցների քաղցկեղ ունի, նորմալ պետք է սնվի, բայց սնունդ չկա, եթե միս լինում է, ապա այնքան թանկ է, որ մեզ հասանելի չէ։ Դեղատները, խանութները դատարկ են։
Երեխաս անչափահաս է, եթե տեղափոխեինք Երևան, պետք է հետը չափահաս մարդ լիներ, ես չէի կարող իմ մյուս երեխաներին թողնել այստեղ՝ պահող չունենք, ու աղջկաս տանեի Երևան, դրա համար խնդրի առաջ ենք կանգնել, այս վիճակում ենք»,- նշեց նա։
Այս ամենն Անուշի կյանքի երկրորդ դժվար փորձությունն է, որը փորձում է հաղթահարել, առաջինը՝ Հադրութի Թաղասեռ գյուղում կորցրած տան ու ապրուստի միջոցի կորուստն էր, երկրորդը՝ փոքրիկ աղջնակի առողջության հետ կապված հարցերը, որը որևէ կերպ Անուշը միայնակ չի կարողանում լուծել, քանի որ ադրբեջանական շրջափակումն ամեն ինչ դժվարացնում է, իսկ 9-ամյա աղջկա առողջական վիճակն ամեն պահի կարող է վատթարանալ։
Անուշ Անդրյանի հաշվեհամարն է՝
9051350200656203