Հովիկ Աբրահամյանի նախաձեռնած քննարկումները տապալվեցին. Ռուբեն Հակոբյան

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ սկսված քննարկումները` հետընտրական զարգացումների վերաբերյալ, տապալվել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նա նշեց, որ այսօր խորհրդակացություն անցկացվեց խորհրդարանական բոլոր ուժերի հետ` լայն ֆորմատով: «Ցավոք, Հանրապետական խմբակցությունը, որը նախաձեռնել էր արտահերթ նիստ հրավիրելու,ոչ միայն չներկայացրեց օրակարգ, այլև մերժեց մեր օրակարգը: Բանակցությունները ավարտվեցին: Մենք այս փուլում կշարունակենք ընդդիմության հետ 1/3 ձայներ հավաքել և հրավիրել արտահերթ նիստ և քննարկել մեր կողմից բարձրացված հարցերը»,- նշեց Ռուբեն Հակոբյանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նշեց, որ ԲՀԿ-ի ներկայացուցիչը ևս մասնակցում էր խորհրդակցությանը և ամբողջությամբ կողմ էր իրենց և ՀՅԴ-ի կողմից առաջարկված օրակարգին:

Ռուբեն Հակոբյանը նշեց, որ մեծամասնությունը տապալեց իր իսկ  կողմից հայտարարած արտահերթ նիստում քննարկումներ անցկացնելու առաջարկը:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահը առաջարկել էր քննարկել հետընտրական զարգացումների հարցը արտահերթ նիստի օրակարգում: «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն արձագանքել են այդ առաջարկին և ներկայացրել են այն օրակարգ, որի շուրջ պետք է տեղի ունենան քննարկումները: Խոսքը վերաբերում էր մեկ տարվա ընթացքում «Ընտրական օրենսգիրքը» արմատապես փոփոխելուն,100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելուն, ընտրությունների ընթացքը թափանցիկ դարձնելուն, արմատական բարեփումներ անելուն, 1 տարվա ընթացքում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելուն, Սահմանադրական բարեփոխումներ կատարելուն, հանրաքվեի միջոցով պետական կառավարման խորհրդարանական ձևը ամրագրելուն, պետական կառավարման համակարգում ընդդիմությանը վերահսկիչ գործառույթներ վերապահելուն:

news.am

Տեսանյութեր

Լրահոս