Հայրենիքի պաշտպանը՝ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրով
1977թ. հուլիսի 30-ին Ռուսաստանի Պրիմորիեի երկրամասում ծառայող սովետական բանակի ավագ լեյտենանտ Յուրի Խաչատուրովի ընտանիքում ծնվեց երկրորդ որդին, ով անվանակոչվեց պապի անունով՝ Գրիգորի։
Գրիգորիի մանկությունն ու պատանեկությունն անցել են Բելառուսում, որտեղ զինվորական ծառայությունը շարունակող հայրը՝ գնդապետ Յուրի Խաչատուրովը, առանձին հրետանային բրիգադի հրամանատարն էր։
90-ականների սկզբին՝ Հայաստանի և Արցախի համար ծանրագույն ժամանակաշրջանում, Յուրի Խաչատուրովը հաստատակամ որոշում է ընդունում տեղափոխվել Հայաստան՝ ազատամարտին մասնակցելու, իր ռազմական փորձն ու գիտելիքները հայրենիքի պաշտպանությանը ծառայեցնելու նպատակով։
1992թ. գարնանը Խաչատուրովների ընտանիքը հայրենադարձվում է․ այդ ժամանակ Գրիգորի Խաչատուրովը 14 տարեկան էր։
Պատանի Խաչատուրովի հայաստանյան առաջին տարիներն անցնում են ոչ միայն դասասեղանի շուրջ, այլ նաև ռազմաճակատում՝ զենքը ձեռքին՝ ավագ եղբոր հետ, հոր կողքին։
Ապագա մասնագիտության ընտրությունն ակնհայտ էր՝ շարունակել հոր հաղթական ուղին։ Դպրոցն ավարտելուց հետո, 1994թ. ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, դառնում նորաբաց ուսումնական հաստատության առաջին դիմորդը։
1998թ.-ից Հայկական սպայական դպրոցի առաջին սան, լեյտենանտ Գրիգորի Խաչատուրովի կյանքն անընդմեջ կապվում է առաջնագծի հետ.
1998-1999թթ. – Ճամբարակի զորամասի դասակի հրամանատար, այնուհետ՝ վաշտի հրամանատար,
1999-2000թթ. – Սոթքի զորամաս՝ գումարտակի շտաբի պետ,
2000-2002թթ. – Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան՝ գումարտակի հրամանատար,
Գրիգորի Խաչատուրովը 2002-2004թթ. – սովորում և գերազանցությամբ ավարտում է ՌԴ զինված ուժերի համազորային ակադեմիան,
2004թ. նշանակվում է Արարատի գնդի շտաբի պետ, 2006թ.-ից՝ գնդի հրամանատար,
2010-2011թթ. – 4-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ,
2012թ. նշանակվում է 3-րդ զորամիավորման շտաբի պետ,
2014-2016թթ. – ուսանում և գերազանցությամբ ավարտում է ՌԴ գլխավոր շտաբի ակադեմիան,
2016թ. նշանակվում է 3-րդ բանակային զորամիավորման հրամանատար,
2019թ. ՀՀ նախագահի հրամանով շնորհվում է գեներալ-մայորի կոչում, հանդիսանում է ՀՀ սպայական դպրոցի առաջին սանը, որը ստացել է գեներալի ուսադիրներ։
Դասակի հրամանատարից մինչև բանակային խոշորագույն զորամիավորման հրամանատար, և յուրաքանչյուր փուլում նրա ղեկավարած ստորաբաժանումները ճանաչվել են լավագույններից մեկը։
2016թ.-ից գլխավորելով հանրապետության հյուսիս-արևելյան սահմանները պահպանող 3-րդ բանակային կորպուսը, Գրիգորի Խաչատուրովը շարունակում է իր գիտելիքները, հմտություններն ու փորձը ներդնել զորամիավորման կատարելագործման ուղղությամբ։
Ստեղծվում են մի շարք նոր ստորաբաժանումներ, որոնք աչքի են ընկնում բարձր պատրաստվածությամբ և դժվարագույն պայմաններում հատուկ գործողություններ վարելու ունակությամբ։
Բարձրացվում է զորամիավորման ստորաբաժանումների կազմակերպվածության և արդյունավետ փոխգործակցության մակարդակը։
Կահավորվում և արդիականացվում է առաջնագիծը՝ պատրաստելով այն ժամանակակից պատերազմներին բնորոշ մարտական գործողություններին։
Կարճ ժամանակահատվածում 3-րդ բանակային կորպուսը դառնում է ՀՀ զինված ուժերի ամենամարտունակ զորամիավորումներից մեկը, ինչի արդյունքն ակնառու է դառնում 2019-2020թթ. ընթացքում իրականացված մի շարք օպերացիաների ժամանակ։
2019-2020թթ. ընթացքում հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագծի մի շարք տեղամասերում երրորդ բանակային կորպուսի իրականացրած կարևորագույն գործողությունների շնորհիվ բարձրացվում է սահմանամերձ որոշ բնակավայրերի, նաև հանրապետության համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների անվտանգության մակարդակը։
Այս գործողությունների գագաթնակետը 2020թ. հուլիս ամսին «ԱՆՎԱԽ» դիրքի համար մղվող մարտերն էին, որոնց արդյունքում զորամիավորման ստորաբաժանումները, ժամանակակից մարտի վարման դաս տալով հակառակորդին, ամրանում են անչափ կարևոր նոր բնագծում։
44-օրյա պատերազմի ընթացքում 3-րդ բանակային կորպուսի բարձր պատրաստվածություն ունեցող և կամային հատկանիշներով օժտված ստորաբաժանումներն անձնուրաց մարտեր են մղում թշնամու դեմ՝ զգալի վնասներ ու կորուստներ պատճառելով նրան մարտի դաշտում։
Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովն ամբողջովին տիրապետում է ՀՀ և Արցախի անվտանգային ճարտարապետությանը։ Նրա անցած մարտական ուղին և նվաճումները փաստում են՝ ռազմարվեստի գիտակ է, արհեստավարժ ստրատեգ։ Իր գործողություններում առաջնորդվում է ռազմարվեստի դասական և նորարարական ուղղություններով՝ հմտությունները լավագույնս կիրառելով գործնական իրավիճակներում։
Փառք Հայ Զինվորին