Մի մոռացիր նայել դեպի Երկինք
Ամեն անգամ մարդն իր հայացքն ուղղում է դեպի Երկինք, երբ փնտրում է իր Արարչին և ամեն անգամ իջեցնում է հայացքը դեպի երկիր, երբ հիշում է իր մեղքերը: Իր մեղքերի և տկարությունների պատճառով մարդ արարածը միշտ ներքևում է, իսկ Ամենակալը՝ բարձրության մեջ՝ Իր սրբությանը և վեհությանը համապատասխան: Ամենողորմածը մեծ ուրախությամբ գալիս է դեպի մարդը՝ դեպի երկիր, երբ տեսնում է նրան ողջ սրտով դեպի Իրեն դառնալիս: Երկինքը շատ հեռու է նրանից, ով հոգով և սրտով հեռու է Արարչից, այնինչ շատ մոտ է նրան, ով իր հոգու դուռը լայնորեն բացել է Երկնքի առջև՝ անսպառ Լույսից լուսավորվելու համար: Երկինքը խոնարհվեց, երբ աշխարհ եկավ Աստծու Որդին:
Սբ. Գիրքը, Սրբազան Ավանդությունը, եկեղեցու հայրերի գրվածքները, սրբերի վարքը, եկեղեցում իրականացվող աստվածապաշտությունը. այս ամենն ուղենշում են դեպի Երկինք տանող ուղին: Եթե մարդն իր հայացքն ուղղի դեպի այդ բարձրագույն նպատակը, ապա ձեռք կբերի այնպիսի նախանձախնդրություն, որով ընդունակ կլինի տեսնելու ավելի բարձրն ու վեհը, քան աշխարհիկ կյանքն է, ինչը կարող է մարդուն հասցնել ձանձրույթի և հուսահատության՝ հեռացնելով կյանքի ուղուց: Երկինքը ձեռք բերելու համար վճռականություն, նախանձախնդրություն և ջանքեր են անհրաժեշտ, որոնք մարդու կյանքի ուղեկիցները պետք է լինեն: Այդ վճռականությունը Երկինքը սիրողին ստիպում է առաջ գնալ անգամ անհաջողությունների դեպքում:
Սբ. Հովհան Ոսկեբերանը նշում է, որ մարդու պատկերացման մեջ Աստված միշտ երկնքում է՝ երկնային և ոչ երկրի վրա ապրող՝ երկրային: Աստծուն տրվող երկնային անունը խոսում է Նրա սրբության և անարատության մասին: Ապա մեկնության մեջ շարունակում է, որ երբ ասում ենք՝ Հայր մեր, որ երկնքում ես, այս խոսքերը մարդուն հեռու են պահում կռապաշտությունից՝ բարձրացնելով նրա հոգին դեպի Երկինք՝ դեպի հոգևորը, մաքուրը և սուրբը: Իսկ երկնային բառը չի սահմանափակում Աստծու գտնվելու վայրը, քանի որ Աստված հոգի է և ամենուր:
Իսկ Սբ. Օգոստինոսը նշում է, որ Աստված չի սահմանափակվում որևէ տեղանքով, եթե Աստված միայն երկնքում լիներ, ապա երանելի կլինեին թռչունները, քանի որ Աստծուն մոտ են թռչում: Գրված չէ, որ Աստծուն մոտ են նրանք, որ բարձրության կամ լեռան վրան են գտնվում, այլ «Տերը նրանց կողքին է, ովքեր սրտամաշ են եղել» (Սաղմոսներ 33:19) և «Իսկ Իրեն ընդունողներին և Իրեն հավատացողներին Նա իշխանություն տվեց Աստծու որդիներ լինելու. ո՛չ արյան ճամփով և ո՛չ էլ մարմնի կամ մարդկային կամքով, այլ Աստծուց ծնվելով» (Հովհաննես 1:12): Սբ. Ստեփանոս Սյունեցին էլ նշում է, որ թեպետև Աստված ամբողջովին երևելի աշխարհում է, բայց երկինքը Նրա բնակություն վայր նշվում է այն պատճառով, քանի որ այն աշխարհի ամենապատվական և ամենահրաշափառ մասն է:
«Քանի որ հարություն առաք Քրիստոսի հետ, այսուհետև ձեր ուշադրությունը դարձրե՛ք դեպի երկինք, որովհետև այնտեղ է Քրիստոսը՝ նստած Հայր Աստծու աջ կողմում: Երկնավոր բաների մասին խորհեցեք և ոչ երկրավոր բաների, որովհետև դուք այս աշխարհի համար մեռաք, որպեսզի Քրիստոսի հետ միասին ապրեք այն կյանքով, որ Աստված վերապահել է ձեզ: Իսկ երբ Քրիստոսը՝ ձեր կյանքը, հայտնվի, այն ժամանակ դուք էլ փառքով կհայտնվեք նրա հետ: Հետևաբար, ձեր մեջ սպանե՛ք երկրավոր ցանկությունները» (Կողոսացիներ 3:1-5):
Սբ. Հովհան Ոսկեբերանն իր մեկնության մեջ նշում է շատ կարևոր մի հանգամանք, որ «երկնային» բառը մարդուն միանգամայն տանում է դեպի ապաշխարություն՝ արդյոք ես ճշմարիտ Երկնային Հոր երկնային որդի՞ն եմ և որքա՞ն մոտ եմ Նրան: Եվ երբեմն չարը, որպես տրտմություն, խորամանկորեն կարող է հուսահատություն և թերահավատություն առաջ բերել, թե՝ դու այնքան հեռու ես Երկնքից, ինչպես երկինքը երկրից և այդ պատճառով էլ անարդյունք են քո դեպի Երկինք ուղղված աղոթքները, Աստված այնքան բարձր է և հեռու քեզանից, որ չարժե Նրան դիմել և բարկացնել մեղքերի պատճառով: Չարի խորամանկ միտքը չեզոքանում է, երբ հիշում ենք «Հայր մեր» խոսքերը, քանի որ Աստված չի լքում Իր որդիներին, այլ հակառակը՝ ընդառաջ է գնում զղջացող որդուն, ինչպես «Անառակ որդու առակ»-ում հայրն ընդառաջ գնաց իր զղջացող անառակ որդուն:
«Երկնային» և «Հայր» բառերը փոխադարձաբար լրացնում են միմյանց: Հայրը ողորմություն է, սեր, հույս, ուրախություն, խնամք… Իսկ Երկնայինը սրբություն է, կատարելություն, խաղաղություն…
Լեռան քարոզում Քրիստոս պատվիրում է Իր հետևորդներն, որ իրենց հարստությունը Երկնքում դիզեն, որտեղ ցեցն ու ժանգը չեն կարող փչացնել այն, և ոչ էլ գողերը կարող են պատը քանդելով ներս մտնել և գողանալ, որովհետև որտեղ իրենց հարստությունը լինի, այնտեղ էլ կլինի իրենց սիրտը (Մատթ 6:20-21):
Երկնային Հայրը մեզ երկրից կանչում է դեպի Իրեն՝ դեպի Երկինք, որտեղ, ըստ եկեղեցու հայրերի մեր հայրական տունն է: Չմոռանանք դեպի Երկինք նայել, այն մեզ հիշեցնում է, թե ինչպիսի հայրենիքից ենք ցած ընկել և ինչպիսի օրհնությունից զրկվել, ուստի, հայրենիքի կարոտը սրտում, հարկ է մեծ ցանկություն և ջանք թափել՝ անցնելու դեպի Երկինք տանող ուղին:
Գայանե Սուգիկյան