Դիլիջանի ոստիկանները ժամերի ընթացքում հայտնաբերեցին մահվան ելքով վրաերթ կատարած վարորդին և «BMW»-ն (լուսանկարներ)
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հովիկ Վարդանյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՐ. ՕՐ.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով:
Ինչպես Դիլիջանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ մարտի 3-ին, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի 65 հասցեի՝ նախկին շին. տրեստի մոտ Դիլիջանի բնակիչ 52-ամյա Հովհաննես Սանթրոսյանին վրաերթի ենթարկելու փաստով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեկ ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Սայաթ-Նովայի նշված հատվածում մահացած տղամարդու դի կա:
Նշված վայր են մեկնել ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ Դիլիջանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Տեղում էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Կարեն Մատինյանի գլխավորությամբ:
Նույն պահին Դիլիջանի ոստիկանապետի կողմից ստեղծվում են օպերատիվ-հետախուզական խմբեր, որոնցից մի խումբը զբաղվում է վրաերթի ենթարկվածի ինքնության պարզմամբ, իսկ մյուս խումբը՝ վրաերթ կատարած և փախուստի դիմաց վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Բացահայտման աշխատանքներն ավելի են դժվարանում, քանի որ ոչ մի հետք վրաերթի վայրում չկար, և միայն լուսաբացին, օպերատիվ-հետախուզական տեղեկություններն իրացնելով, նշված վրաերթը կատարելու կասկածանքով Դիլիջանի ոստիկանները բաժին են բերման ենթարկում Դիլիջան քաղաքի Կամարինի 52 տան բնակիչ 26-ամյա Սասուն Օթարյանին, ով ոստիկանությունում սկզբում փորձում է հերքել իր կողմից կատարված մահվան ելքով վրաերթը, սակայն երբ հարազատների միջոցով տեղեկանում է, որ ոստիկաններն արդեն հայտնաբերել են իր կողմից վարած «BMW» մակնիշի՝ 91 ՈՈ 111 համարանիշի ավտոմեքենան, խոստովանում է կատարվածը:
Քիչ առաջ Դիլիջանի ոստիկանները հայտնաբերված «BMW»-ն տեղափոխեցին Ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի