Ո՞վ է Իբրահիմ Քալըն․ առաջին խոսափողից մինչև հետախուզական լռություն
Թուրքիայի կառավարության նոր կազմի ակնառու ներկայացուցիչներից մեկն Իբրահիմ Քալընն է, ով ընտրություններից հետո նշանակվեց Ազգային հետախուզության ծառայության (ԱՀԾ) ղեկավար։ Իբրահիմ Քալընն Էրդողանի մերձավորագույն շրջապատից և համախոհներից մեկն է, ով տարիներ շարունակ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել թուրքական իշխանական բուրգի ամենաբարձր շերտերում և լիովին կիսում է նախագահի իսլամական-օսմանական գաղափարները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ո՞Վ է ԻԲՐԱՀԻՄ ՔԱԼԸՆԸ
Իբրահիմ Քալընը ծնվել է 1971թ. սեպտեմբերի 15-ին Ստամբուլում, սակայն ընտանիքն Էրզրումից է։ 1992թ․ ավարտել է Ստամբուլի համալսարանի պատմության բաժինը։ Այնուհետև մագիստրատուրա է անցել Մալայզիայի իսլամական միջազգային համալսարանում՝ իսլամական մտքի և փիլիսոփայության բաժնում։ Այդ նույն ժամանակահատվածում Թուրքիայի նախկին ԱԳ նախարար և վարչապետ Ահմեթ Դավութօղլուն եղել է այս համալսարանի դասախոս։
ԱՄՆ-ի Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանում 1996թ. նա շարունակել է ուսանել հումանիտար և փիլիսոփայական գիտությունների ոլորտում, ստացել դոկտորի գիտական աստիճան: Ավելի ուշ իսլամական մտքի և Իսլամ-Արևմուտք հարաբերությունների վերաբերյալ դասախոսություններ է կարդացել ԱՄՆ-ի Սուրբ Խաչի քոլեջում, Ջորջթաունի և Բիլքենթի համալսարաններում։ Որոշ ժամանակ «Sabah» թերթում սյունակագիր է եղել։ 2005թ․-ին հիմնադրելով Քաղաքական, տնտեսական և հասարակական հետազոտությունների հիմնադրամը (SETA)՝ մինչև 2009 թ․ եղել է դրա նախագահը: 2011թ․ եղել է Ահմեթ Յեսևիի անվան թուրք-ղազախական միջազգային համալսարանի (Ղազախստան) և Թուրք-ճապոնական գիտության և տեխնոլոգիայի համալսարանի (Թուրքիա) հոգաբարձուների խորհրդի անդամ։
Պետք է ընդգծել, որ հանրային բյուրոկրատիայի սանդղակում նրա արագ աճն սկսվել է այն ժամանակ, երբ 2009թ. մայիսի 1-ին ԱԳ նախարար է նշանակվել Ահմեթ Դավութօղլուն։ Եվ, քանի որ արտաքին քաղաքականության հարցերով վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը թափուր էր (այն զբաղեցնում էր Դավութօղլուն), նա նշանակվել է այդ պաշտոնին։ Քալընն այս պաշտոնն զբաղեցրել է մինչև 2012թ.։ 2010թ. հունվարի 30-ին ստեղծվել է վարչապետին կից հանրային դիվանագիտության համակարգման կառույցը, որի առաջին համակարգողը Քալընն էր։
2014թ․ օգոստոսի 10-ին Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահ ընտրվելուց հետո Քալընը նշանակվել է նախագահի գլխավոր քարտուղարի տեղակալ, իսկ 2014թ. դեկտեմբերի 11-ին՝ նախագահի մամուլի խոսնակ։ 2019թ.-ից նա դասախոսություններ է կարդում Իբն Խալդուն համալսարանի իսլամական փիլիսոփայության բաժնի ասպիրանտների համար։ Քալընը պրոֆեսորի կոչում է ստացել 2020թ․։ 2018-23թթ. զբաղեցրել է Նախագահականի անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի փոխնախագահի և Նախագահականի անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդականի պաշտոնները։
Ամուսնացած է, ունի 3 դուստր։ Տիրապետում է 4 օտար լեզվի՝ անգլերեն, ֆրանսերեն, պարսկերեն, արաբերեն։
Այս բազմազբաղ գործունեությանը զուգահեռ՝ 51-ամյա Քալընը հասցրել է գրել մի քանի գիրք, ստեղծել հեղինակային թյուրքյուներ (թուրքական ժողովրդական երգեր) ու կատարել դրանք սազի նվագակցությամբ: Առավելի հայտնի են նրա «Elif bacı» (Քույր Էլիֆ), «Sen benimsin, ben seninim» (Դու իմն ես, ես քոնն եմ), «Seni mene vermez ise» (Եթե քեզ ինձ չտան) և այլ թյուրքյուներ, որոնցից մի քանիսը կատարել է հայտնի երգչուհի Զառան։
ԷՐԴՈՂԱՆԻ ԱՋ ՁԵՌՔԸ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ
Քալընը քաղաքական գործունեության ընթացքում աչքի է ընկել ոչ միայն տարբեր բարձր պաշտոններ զբաղեցնելով, այլև երկրի համար կարևորագույն հարցերի քննարկումներին մասնակցելով՝ դրանցից շատերին հանդես գալով անձամբ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունից։ Դրանց շարքում են՝
2015թ․ խոցված ռուսական ինքնաթիռից հետո Ռուսաստանի և Թուրքիայի միջև լարված հարաբերությունների կարգավորման գործընթացքում Էրդողանի կողմից որպես հատուկ ներկայացուցիչ նշանակումը,
2017թ․ Կատարի և Սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ-ի միջև առկա լարվածությանը լուծում տալու համար Էրդողանի կողմից որպես հատուկ ներկայացուցիչ նշանակումը և դիվանագիտական գործընթացներում ներառումը,
Ուկրաինական ճգնաժամի ընթացքում ռուսական և ուկրաինական կողմերի հանդիպումը կազմակերպելու, Ստամբուլի հացահատիկային համաձայնագիրը կնքելու և երկու կողմերի գերիների փոխանակման գործում ունեցած մեծ դերակատարումը,
Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ անդամակցության գործընթացում մշտական համատեղ մեխանիզմի ժողովներին թուրքական պատվիրակության գլխավորումը,
Թուրքիայի՝ Հայաստանի, Հունաստանի, Իսրայելի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ունեցած մեծ դերակատարումը,
Հունաստանի հետ Արևելյան Միջերկրականում և Էգեյան ծովում ունեցած անհամաձայնությունների նվազեցմանն ուղղված դիվանագիտական քննարկումներում ընդգրվածությունը։
ՔԱԼԸՆՆ ՈՒ ՖԻԴԱՆԸ ՄԱՅՔ ՊՈՄՊԵՈՅԻ ՀՈՒՇԵՐՈՒՄ
Քալընի և այժմյան արտգործնախարար Հաքան Ֆիդանի նոր պաշտոնով պայմանավորված՝ սոցցանցերի թուրքական տիրույթում հաճախ են նրանց մասնակցությամբ կամ նրանց վերաբերյալ տեսահոլովակներ կամ տարբեր բնույթի լուրեր տարածվում։
Իշխանամերձ «Türkiye Gazetesi» թերթի յութուբյան ալիքում շաբաթներ առաջ հրապարակվեց մի տեսանյութ, որտեղ ներկայացվում է, թե ինչպես է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն իր «Never give an inch. Fighting for the America I love» գրքում պատմում Իբրահիմ Քալընի և Հաքան Ֆիդանի հետ բանակցությունների մասին. վերջինն այն ժամանակ Ազգային հետախուզության ծառայության ղեկավարն էր։
Պոմպեոն գրքում գրում է, որ փակ հանդիպման ժամանակ, որին մասնակցել են Հաքան Ֆիդանն ու Իբրահիմ Քալընը, նա նշել է ամերիկյան կողմի դիրքորոշումն Իսլամական Պետության (ԻՊ) դեմ պայքարում՝ ասելով, որ ԱՄՆ-ն աջակցելու է YPG-ին (Ժողովրդական պաշտպանության ուժեր), իսկ թուրքական կողմը հայտնել է, որ YPG-ին սատարելը հավասար է PKK-ին սատարելուն, և, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները կարող են վատ ընթացք ստանալ դրանից հետո։
«Այժմ հասավ դիվանագիտական մասը թուրքերին լուրը հաղորդելու: Հանդիպումը վատ անցավ։ Ես երբեք չէի տեսել, որ սենյակում այդքան արագ նման զայրույթ բռնկվի: Քալընն ու Ֆիդանը «պայթեցին», հետո արագ հեռացան։»,- գրել է Պոմպեոն՝ ավելացնելով, որ, թեև դա հիանալի չէր երկկողմ հարաբերությունների համար, Միացյալ Նահանգները «ճիշտ որոշում է կայացրել»։
Այս հանդիպմանն արձագանք եղավ նաև թուրքական կողմից բարձր մակարդակով։ Նախկին արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն քննադատեց ամերիկյան կողմի դիրքորոշումը։ Նա նշեց, որ դա ապատեղեկատվություն է և զարմանալի է, որ Պոմպեոն ասում է, թե ԱՄՆ-ն տեսել է՝ Թուրքիան չունի կարողություն ԻՊ-ի դեմ պայքարելու, որից հետո է նման որոշում կայացրել, մինչդեռ ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիան արդեն իսկ պայքարում էր ԻՊ-ի դեմ։
Սկանդալային գրքի հրապարակումից հետո Քալընի արձագանքը ևս չուշացավ․ «Պոմպեոն տեղի ունեցածը խեղաթյուրելով է պատմում։ ․․․Մենք նրանց շատ պարզ ասացինք, որ ԱՄՆ-ի PYD/YPG քաղաքականությունը շատ սխալ է։ Հաքան Ֆիդանը մանրամասն բացատրեց սիրիական դաշտում տեղի ունեցող զարգացումները։ Ավելի ուշ Պոմպեոյի հետ իր հանդիպումներում նա կրկին հստակեցրեց մեր դիրքորոշումը։ Նմանապես, Մևլյութ բեյը և Հուլուսի փաշան (նկատի ունի Մևլյութ Չավուշօղլուին և Հուլուսի Աքարին) ևս ասել են, որ Սիրիայի, PYD/YPG-ի վերաբերյալ տարվող քաղաքականությունը հիմնովին սխալ է։ ․․․Նա գրել է, որ մենք զայրացել ենք, մենք մեր հստակ դիրքորոշումն ենք այնտեղ ցույց տվել։ Այն, ինչ նա անվանում է զայրույթ, մեր հստակ դիրքորոշումն էր»։
Ուշագրավ է, որ թե՛ Չավուշօղլուն, թե՛ Քալընն իրենց խոսքում ընդգծել են, որ Սիրիայի, PYD/YPG-ի վերաբերյալ տարվող ամերիկյան այս քաղաքականությունը նախորդ նախագահ Բարաք Օբամայից մնացած ժառանգություն է։
ՔԱԼԸՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Ինչպես արդեն նշվել է, բացի քաղաքական գործիչ լինելուց, Իբրահիմ Քալընը նաև գիտնական է, քաղաքական իսլամի գաղափարական կրողներից ու տարածողներից մեկը։ Նրա հրատարակած գրքերը հիմնականում հենց այս թեմաներով են՝ «Իսլամը և Արևմուտքը», «Խելք և առաքինություն. Թուրքիայի հանրային երևակայությունը», «Գիտությունն ուշ իսլամական փիլիսոփայության մեջ․ Մուլլա Սադրան գոյության, ինտելեկտի և ինտուիցիայի մասին», «Մուլլա Սադրա», «Փափուկ ուժն ու հանրային դիվանագիտությունը Թուրքիայում» և այլն։ Նրա գործերից շատերը թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, իսկ մի քանիսը հրատարակվել Օքսֆորդի համալսարանի հրատարակչության կողմից։
Քալընը, պայմանավորված իր նախկին պաշտոնով և ոչ միայն, բավականաչափ ակտիվ հրապարակային գործունեություն է ծավալել, հաճախ է հարցազրույցներ տվել, որոնցում տարբեր իրադարձությունների ու երևույթների նկատմամբ ունեցած գնահատականներն է հնչեցրել։ Իր հարցազրույցներից մեկի ընթացքում նա խոստովանել է, որ քաղաքականության հանդեպ սերն արթնացել է, երբ կարդացել է միջնադարյան փիլիսոփա, մեծ մտածող Ֆարաբիի «Առաքինի քաղաք» ստեղծագործությունը, որտեղ Ֆարաբին, ազդվելով հին հույն փիլիսոփա Պլատոնի գաղափարներից, արծարծում է իդեալական պետության մոդելի գաղափարը՝ այն տեղափոխելով իր ժամանակաշրջան՝ 10-րդ դար, դիտարկում այլ հարթության մեջ, և հանգում այն եզրակացությանը, որ քաղաքականության նպատակն առաքինի հասարակություն ստեղծելն է։ «Թե ինչպես կարող ենք այս գաղափարը կյանքի կոչել, եղել է իմ՝ քաղաքականությամբ հետաքրքվելու հիմնական պատճառը, շարժառիթը»,- ասել է նա։
Քալընը նաև խոստովանել է, որ իսլամական փիլիսոփայություն և պատմություն ուսումնասիրելու տարիներին հաճախ է նկատել, որ դրանք «խաչվում են» քաղաքականության հետ, և այդ ամենը համակողմանիորեն հասկանալու և ընկալելու կարողությունն օգնել է ոչ միայն կարիերայում, այլև անձնական կյանքում, ակադեմիական ուսումնասիրություններ կատարելիս, գիտական աշխատանքում։ Սա է պատճառը, որ նա մշտապես երիտասարդներին խորհուրդ է տալիս համակողմանի կրթվել, կարդալ տարբեր գիտնականների ու փիլիսոփաների աշխատանքներ՝ անկախ մասնագիտությունից։
Նույն հարցազրույցում, խոսելով աշխատանքի ծանրաբեռնվածությունից և 24/7 ռեժիմով աշխատելու անհրաժեշտությունից ու արծարծվող թեմաների կարևորությունից, նա հիշատակել է 2020թ․ 44-օրյա պատերազմը հենց այդ համատեքստում՝ իրողությունները, բնականաբար, ներկայացնելով ադրբեջանաթուրքական քարոզչության լույսի ներքո․ «Ահա, երկու շաբաթ առաջ, սպասում էինք, բայց չգիտեինք, որ այդ առավոտ է սկսվելու [պատերազմը]։ Հայաստանն ու Ադրբեջանը Ղարաբաղում պատերազմ են սկսել։ Երկու շաբաթ առաջ կիրակի առավոտյան է եղել այս դեպքը։ Զարթնեցինք, ինչպես ասացի՝ հավանական էր, սպասում էինք, բայց, որ դա այդ օրն առավոտյան կլինի, [չէինք սպասում], հայերի հարձակման պատճառով իրադարձությունը/դեպքը լրիվ այլ տեղ գնաց»։
Քալընը Թուրքիայի քաղաքական այն գործիչներից է, ով, մինչև նոր նշանակումը, ակտիվ էր նաև սոցիալական հարթակներում։ Հատկապես աչքի էր ընկնում իր նեոօսմանական-իսլամական ուղղվածություն ունեցող գրառումներով, դրանցում առկա օսմանյան բառապաշարով, որը, ինչպես հայտնի է, հարուստ է արաբապարսկական փոխառություններով։ Ուշագրավ են նրա թվիթերյան էջում կատարվող գրառումները։ Օրինակ, մայիսի 29-ին, երբ թուրքերը նշում են Մեհմեթ Երկրորդի կողմից Կոստանդնուպոլսի նվաճման օրը, Իբրահիմ Քալընը նման գրառումներ է կատարել․ «Շնորհավոր լինի աշխարհի ամենագեղեցիկ երկրում, աշխարհի ամենագեղեցիկ քաղաք Ստամբուլի նվաճումը։ Փա՛ռք Տիրոջը, որ մեզ համար այս հողերը հայրենիք դարձրեց։ Կեցցե՛ն մեծ հրամանատար և պետական գործիչ Սուլթան Մեհմեթ Ֆաթիհ Խանն ու նրա զինվորները։ Կեցցե՛ն նվաճող հոգին ապրեցնող բոլոր ազնիվ հոգիները» և «Մեր մեջ նվաճող հոգին չի ավարտվի։ Խելքով, սիրով, հավատքով, հոգատարությամբ ու ողորմածությամբ, համբերությամբ ու դիմակայությամբ ամեն օրը կրկին մարմնավորվում է։ Մեր մեջ ֆաթիհները չեն ավարտվի։ Մեկը կմեռնի, հազարը կկենդանանան։ Ամեն շրջան/շրջափուլ բարեկամին՝ վստահություն, իսկ թշնամուն վախ է տալիս։ Կեցցե՛ն նրանք, ովքեր նվաճողի հոգին ապրեցնում են»։
Քալընի պես բարձրաստիճան պաշտոնյայի նման բովանդակություն ունեցող գրառումները սոցիալական հարթակներում պատահական լինել չեն կարող։ Այն հստակորեն ցույց է տալիս նաև իշխանությունների կողմից տարվող քաղաքականությունը, որն ակնհայտ ընդգծված կերպով ունի ծավալապաշտական բնույթ։ Իսկ սա պարզապես այդ քաղաքականության արտահայտության հերթական ապացույցներից մեկը կարող է լինել։
Իբրահիմ Քալընի՝ իբրև անհատակություն և քաղաքական գործիչ, ձևավորման գործում կարևոր դեր է խաղացել Թուրքիայում քաղաքական իսլամի հիմնադիր Նեջիփ Ֆազըլ Քըսաքյուրեքը, (ով համարվում է նաև Էրդողանի գաղափարական հայրը), ում մահվան 40-րդ տարելիցի կապակցությամբ Քալընն այս տարի գրառում էր կատարել իր թվիթերյան էջում։
2023թ․ մայիսին Քալընը Հաջեթթեփե համալսարանում ելույթով է հանդես եկել աշխարհահռչակ TEDx-ի շրջանակներում՝ խոսելով «մարդու՝ նարցիսիզմից նարգիզիզմի անցման անհրաժեշտության մասին», այդ համատեքստում հիշատակելով նաև Դելֆյան տաճարի մուտքին գրված «Ճանաչիր ինքդ քեզ» գրության իրական նշանակության, ինչպես նաև ռասիզմի խորը՝ մինչև Աստված ու սատանա հասնող արմատների մասին։
Իբրև ամփոփում պետք է ընդգծել, որ Քալընը հաճախ է նշում՝ քաղաքական կարիերայից հետո մեծ ցանկություն ունի վերադառնալու համալսարան՝ որպես գիտնական և շարունակելու դասախոսական գործունեությունը։ Սակայն նման բարդ աշխարհաքաղաքական պայմաններում Քալընի այս ցանկությունը դժվար թե մոտ ժամանակներս ի կատար ածվի։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիայի իշխանությունները որդեգրել են «միջնորդական դերակատարում» մի շարք հակամարտությունների հանգուցալուծման հարցում, ինչպես նաև նախաձեռնել հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման ակտիվ քաղաքականություն, Քալընի ծառայողական պարտականությունները, մասնագիտական փորձառությունը, վստահաբար, առանցքային նշանակություն են ունենալու Անկարայի նշված ուղեգծի իրացման ճանապարհին։