Վերջին ամիսներին դրական տեղաշարժեր են գրանցվել Վրաստանի հետ հարաբերություններում. ՌԴ ԱԳՆ
Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ`վերջին ամիսներին Ռուսաստանի ու Վրաստանի փոխգործակցության մի շարք ոլորտներում գրանցվել են դրական տեղաշարժեր: Այս մասին նշված է Ռուսաստանի ԱԳՆ-ի մամլո ծառայության այսօր տարածած հաղորդագրությունում, որում ԱԳՆ-ը մեկնաբանել է Պրահայում փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի ու Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի երեկվա հանդիպումը:
Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում հիշեցվում է, որ վերջին ամիսներին բարձր մակարդակի մի շարք շփումներ են անցկացվել երկու երկրների միջև: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ընդունել է Վրաց պատրիարք Իլյա II-ին: Դավոսում կարճատև հանդիպում են ունեցել Ռուսաստանի ու Վրաստանի վարչապետներ Դմիտրի Մեդվեդևն ու Բիձինա Իվանիշվիլին: Ստրասբուրգում էլ հանդիպել են երկու երկրների խորհրդարանական շրջանակների ներկայացուցիչները:
Ռուսաստանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ ամենը ստեղծել է անհրաժեշտ դրական մթնոլորտ` առանձին ոլորտներում գործնական խնդիրների լուծման համար. «Փետրվարի վերջին Վրաստան այցելեցին Роспотребнадзор-ի փորձագետները` գինու ու հանքային ջրի արտահանման վերականգնման պայմաններն ուսումնասիրելու համար: Քննարկվել են նաև ցամաքային ու օդային տրանսպորտին առնչվող հարցեր և մասնավորապես ավիացիոն չվերթներին կանոնավոր բնույթ հաղորդելու հարցը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանային «Վերին Լարս» (Ռուսաստան) և «Կազբեգի» (Վրաստան) անցակետերում ինտենսիվ ռեժիմով աշխատանքների վերականգնման շուրջ: Հանդիպման ժամանակ Կարասինն ու Աբաշիձեն նաև քննարկել են հումանիտար ոլորտում փոխգործակցությունը և գոյություն ունեցող վիզային ռեժիմի դյուրացման հնարավորությունները: Կողմերը շահագրգռվածություն են հայտնել ավելի ակտիվ շփումներ հաստատել գիտական ու առողջապահական ոլորտներում:
Դիվանագետներն ընդգծել են, որ տվյալ ձևաչափով հանդիպումներում չեն շոշափվում այն հարցերը, որոնք քննարկվում են Հարավային Կովկասի կայունությանն ու անվտանգությանն առնչվող համալիր հարցերի վերաբերյալ Ժնևյան բանակցություններում: Այդ հարցերը պահպանում են իրենց այժմեականությունը: 2014 թվականին Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերի համատեքստում կողմերը պայմանավորվել են, որ դրա հետ կապված հարցերը առարկայնորեն քննարկվելու են երկու երկրների Ազգային օլիմպիական կոմիտեների կողմից:
Ընդհանուր առմամբ, այդ հանդիպումը կրել է կառուցողական բնույթ և հնարավորություն է տվել առաջընթաց գրանցելու մի շարք գործնական հարցերում: Կողմերը պայմանավորվել են իրենց հաջորդ հանդիպումն անցկացել այս տարվա մայիսի վերջին կամ հունիսին»:
Հիշեցնենք, որ Աբաշիձեի ու Կարասինի միջև առաջին հանդիպումն անցկացվել է 2012 թվականի դեկտեմբերի 14-ին, Ժնևում: Այն ժամանակ կողմերը պայմանավորվել էին հանդիպել երկու ամիսը մեկ անգամ: