«Ադրբեջանի հայտարարությունները հող են նախապատրաստում ռազմական եղանակով Արցախի խնդրի լուծման համար». Արմեն Պետրոսյան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից հնչող վերջին հայտարարությունները  մի քանի նպատակ են հետապնդում։

Առաջին հերթին դրանք հող են նախապատրաստում ռազմական եղանակով Արցախի խնդրի լուծման համար։

«Երկորրդը՝ դրանք ստուգում են տրամադրությունները հնարավոր արձագանքների և՛ սեփական հասարակության, և՛ տարածաշրջանային դերակատարների, այդ թվում՝ Արցախի ու Հայաստանի, և՛ ավելի գլոբալ խաղացողների։

Երրորդ՝ հուլիսին նախանշվող բանակցությունների համար ստեղծում են թեմատիկ նյութ։ Եվ  մենք տեսնում ենք, որ այս հայտարարությունները նաև հրապարակային մակարդակում են քննարկվում, այս մասին խոսել է նաև Արցախի նախագահը, ՀՀ իշխանությունները։

Կարդացեք նաև

Դիցուք, օրինակ, խոսքն Արցախի Պաշտպանության բանակի զինաթափման և վերացման կամ արցախահայության հետ բանակցությունների մասին է։ Այսինքն՝ սրանք թեմատիկ նյութ են ստեղծում ակնկալվող բանակցությունների համար։

Մեկ կարևոր հանգամանք կա, որը պետք է ֆիքսենք. միանշանակ է, որ Ադրբեջանը չի պատրաստվում իր կողմից անգամ նվազագույն զիջումների գնալ, նրա դիրքերն առավելապաշտական են։ Ադրբեջանը Հայաստանի և Արցախի հետ խոսում է անզիջում դիրքերից, պարտադրում է սեփական օրակարգը, ընդ որում, պարտադրում է ինչպես քաղաքական մակարդակում՝ տարբեր հայտարարությունների միջոցով, այնպես էլ՝ ուժի սպառնալիքի, ուժի կիրառման միջոցով։

Այսինքն՝ որևէ կերպ այսօր Ադրբեջանը պատրաստ չէ գնալ նույնիսկ նվազագույն զիջման»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանի քարոզչությանը, թե՝ «հայկական կողմը սահմանին դիմում է սադրանքների», և այս համատեքստում Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիայի գնալու հավանականությանը։

Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանն իր բոլոր գործողություններում շտապում է պատեհ աշխարհաքաղաքական իրավիճակում սեփական օրակարգն առաջ մղել՝ դրանով իսկ ստեղծելով ռազմական էսկալացիայի կամ շատ ավելի մեծ պատերազմի հնարավորություն  տարածաշրջանում։

Հարցին՝ ադրբեջանական կողմից հնարավոր ռազմական էսկալացիայի դեպքում, Հայաստանը տարածաշրջանում ունի՞ դաշնակիցներ, Արմեն Պետրոսյանը պատասխանեց, որ միանշանակ չպետք է ասել, թե Հայաստան ու Արցախն Ադրբեջանի հետ ռազմական բախման կամ ավելի մեծ պատերազմում ունե՞ն դաշնակիցներ, թե՞ ոչ։

«Կախված խնդիրներից՝ կարող են լինել շահերի համադրման հնարավորություններ։ Օրինակ, Սյունիքում հնարավոր ռազմական գործողությունների դեպքում որոշակի քայլեր կարող ենք ակնկալել Իրանից։ Իսկ Արցախում հնարավոր ռազմական գործողության դեպքում, բնականաբար, շահերի համադրման հնարավորություն կա ՌԴ-ի հետ։ ՀՀ-ի դեմ ագրեսիայի պարագայում, բնականաբար, Արևմուտքի հետ ևս կա երկխոսության հնարավորություն։

Բայց արդյո՞ք այդ գործընթացները կհանգեցնեն Հայաստանին միանշանակ աջակցության ցուցաբերման և Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիային դիմադրության, իհարկե, նման հնարավորությունները նվազագույնն են։ Սեփական երկրի դեմ ագրեսիայի կանխման առաջնահերթ ամենավստահելի մեխանիզմը ՀՀ զինված ուժերն են, իսկ Արցախի պարագայում՝ ՊԲ-ն։

Այնպես որ, մեր անվտանգության առանցքային գրավականը պետք է լինեն սեփական զինված ուժերը և դիվանագիտական հարթության տարբեր խնդիրների շուրջ առանձին գործընկերների հետ շահերի համադրման հնարավորությունները»,- ընդգծեց Արմեն Պետրոսյանը։

Ադրբեջանի կողմից հնարավոր բախումների գնալը ո՞ր երկրներին է ձեռնտու, առհասարակ գերտերություններին ձեռնտո՞ւ է Հարավային Կովկասում իրավիճակի սրումը՝ հարցին, մեր զրուցակիցը պատասխանեց, որ նայած, թե որ տեսանկյունից են խնդիրը դիտարկում։

Ըստ նրա՝ պետք է հաշվի առնել, որ իրավիճակին անդրադարձ է կատարվում բավականաչափ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում, երբ տարբեր տարածաշրջաններում ընթանում են վերադիրքավորման գործընթացներ՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ՝ գլոբալ խաղացողների կողմից։

«Այնպես որ՝ ցանկացած տարածաշրջանում որևէ էսկալացիա և՛ հնարավորություն է, և՛ մարտահավեր բոլոր խաղացողների համար։ Նրանցից յուրաքանչյուրը փորձելու է օգտվել իրավիճակից կամ դիմագրավել մարտահրավերներին։

Եթե այս տեսանկյունից ենք դիտարկում խնդիրը, ապա իրավիճակ թելադրող գործոնը պատերազմող երկու երկրների դիրքավորումն  է և սկզբունքային մարտունակությունը՝ իրենց նպատակներին հասնելու։

Իսկ այս պարագայում կարող են լինել խաղացողներ, որոնց շահերից կբխի էսկալացիան, և խաղացողներ, որոնց շահերից չի բխի»,- շեշտեց Արմեն Պետրոսյանը։

Այս համատեքստում նա ասաց, որ եթե էսկալացիայի դեպքում իրավիճակը զարգանալու է Ադրբեջանի օգտին, միանշանակ շահող դերակատարներ կան՝ ի դեմս Թուրքիայի, որոշակիորեն՝ նաև Միացյալ Նահանգների։

Իսկ եթե իրավիճակը զարգանա Հայաստանի օգտին, ապա այդ դեպքում շահողներից մեկն Իրանն է, որոշակիորեն՝ նաև Ռուսաստանը, որովհետև դրանով իսկ փաստացի ամրապնդվում են ՌԴ-ի դիրքերը՝ որպես տարածաշրջանում ՀՀ գլխավոր դաշնակցի։

Տեսանյութեր

Լրահոս