«Ի՞նչ միջազգային մեխանիզմներ, կարո՞ղ է մանրամասնել. ուզում են Արցախն արժանացնել Նախիջևանի ճակատագրին». Մանվել Եղիազարյան

Այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց արցախահայության իրավունքների ու անվտանգության վերաբերյալ միջազգային մեխանիզմների անհրաժեշտության մասին։

«Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն Բաքու-Երևան երկխոսության միջազգային մեխանիզմների շրջանակներում, իսկ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի։  Վաշինգտոնում վերջերս տեղի ունեցած Հայաստան-Ադրբեջան բանակցություններում արձանագրված առաջընթացը շոշափելի չէ, բայց որոշակի առաջընթաց կա։ Առաջիկայում Բրյուսելում նախատեսվում է իմ հանդիպումն Ադրբեջանի նախագահի հետ՝ ԵՄ խորհրդի նախագահի միջնորդությամբ։ Ցավոք, խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման, հույս ունեմ առաջիկա հանդիպման ընթացքում առարկայացնել Վաշինգտոնում արձանագրված դրականը։ Բոլոր հարցերը պետք է լուծենք դիվանագիտական ճանապարհով»,- իր խոսքում նշեց Նիկոլ Փաշինյանը։

168.am հետ  զրույցում Արցախյան ազատամարտի մասնակից, «Արաբո» կամավորական  ջոկատի հիմնադիր Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը, ասաց, որ որևէ միջազգային մեխանիզմ չի կարող ապահովել արցախահայության անվտանգությունը, այն էլ՝ Ադրբեջանի կազմում։ Արցախն ու արցախահայությունը կարող են միայն մեկ դեպքում անվտանգ լինել՝ Պաշտպանության բանակով և Ադրբեջանից անկախ։

«Գիտեք, մարդիկ շատ ժամանակ մտածում են, թե իրենք իմաստուն են այս կամ այն միտքն արտահայտելիս, կարծում են՝ քաղաքակիրթ են, մտածում են, թե աշխարհի հասարակության ընդհանուր պատկերի վերաբերյալ պատկերացումներ ունեն, իզուր, որևէ բան էլ չեն պատկերացնում իրականության  վերաբերյալ։ Ասելիք չունեն, ուղղակի հերթապահ խոսում են։

Կարդացեք նաև

Ի՞նչ միջազգային մեխանիզմների մասին է խոսքը, կարո՞ղ է մանրամասնել։ Նույնը ժամանակին ասում էին նաև Նախիջևանի մասին, ուզում են Արցախն արժանացնել Նախիջևանի ճակատագրին։ Նույնն ասում էին նաև  Արևմտյան Հայաստանի վերաբերյալ, երբ մեր 16-րդ հոդվածը դարձրեցին 61-րդ հոդված։ Հայտարարում էին, թե Արևմտյան Հայաստանի ժողովրդի շահերը պետք է պաշտպանվի, բարեփոխումներ արեցին և այլն։ Այո, արեցին այդ «բարեփոխումները», որի արդյունքում 1,5 մլն հայ ցեղասպանվեց»,- նշեց Մանվել Եղիազարյանը։

Ըստ նրա, հայ ժողովրդի փրկության իրական պատկերի մասին Բիսմարկն ասել է Խրիմյան Հայրիկին։

«Երբ Խրիմյան Հայրիկն ասաց, որ մեր շերեփը թղթից է, ու մեզ հարիսա չի հասնում, Բիսմարկն ասաց, որ ազատությունը, իրավունքները և անկախությունը ձեռք են բերում այնպես, ինչպես ձեռք բերեց Չեռնոգորիայի իշխանը՝ սրի պոչն ամուր բռնած։ Միայն այդպես կարող եք փրկել հայ ազգին»,- նշեց մեր զրուցակիցը։

Մանվել Եղիազարյանը նաև ընդգծեց, որ այսօր հայ հասարակությունն այնպիսի թմբիրի մեջ է, որ  չի հասկանում՝ իր չորսբոլորն ինչ է կատարվում, մի մասն էլ կարող է այդ կատարվողի հետ համաձայնել։

«Խորհրդային Միության ժամանակ Ադրբեջանն ինչպե՞ս զավթեց Նախիջևանը, հայերն ուղղակի տեղահանվեցին, լքեցին իրենց տները։ Այդ ժամանակ էլ իբր թե նրանց պաշտպանելու մեխանիզմներ կային, պաշտպանեցի՞ն։ Սա հերթական հերթապահ խոսքն է, ժողովրդին մոլորեցնելու, նորից ապուշի տեղ դնելու համար, թեկուզ ժողովրդի մի մասը հենց ապուշ է, սրա մասին խոսք լինել չի կարող։ Այդուհանդերձ, հիմա մեր ժողովրդի 70-80 տոկոսը գիտակցում է, որ միջազգային որևէ մեխանիզմով անհնարին է ապահովել արցախահայության անվտանգությունն Ադրբեջանի կազմում»,- եզրափակեց Մանվել Եղիազարյանը։

Տեսանյութեր

Լրահոս