Դավիթ Հարությունյանի լիազորությունների դադարեցմանը կողմ քվեարկողներն անբարոյականներ են. Ալեքսանդր Ազարյանը փոխանցեց տասնյակ մարդկանց միաձայն կարծիքը

Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) դադարեցրեց Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները, ըստ ԲԴԽ նախագահի՝ էական կարգապահական խախտման հիմքով:

Համենայն դեպս Կարեն Անդրեասյանը հրապարակեց նման որոշում, իսկ որևէ մեկը, այդ թվում՝ դատավոր-անդամներ Քրիստինե Մկոյանն ու Արթուր Աթաբեկյանը, չառարկեց դրա դեմ:

Ինքը՝ Դավիթ Հարությունյանը, ում ծննդյան օրն է այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց՝ ի սկզբանե այլ ակնկալիք չի ունեցել, ապա հավելեց՝ «պատմուճան հագնելով, հրամանագրեր ստորագրելով՝ դատավոր չեն դառնում»:

168.am-ի հետ զրույցում Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը նախ ասաց՝ լիովին կիսում է այն մտահոգություններն ու կարծիքը, որը Դավիթ Հարությունյանն արտահայտել է այս տարվա ապրիլի 7-ին տված իր հայտնի հարցազրույցում, և որի համար Դավիթ Հարությունյանի վերաբերյալ Արդարադատության նախարարությունը կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն ներկայացրեց:

Կարդացեք նաև

Ալեքսանդր Ազարյանին հարցրեցինք նաև՝ ինչպե՞ս կգնահատի այն հանգամանքը, որ ԲԴԽ-ն միաձայն, որովհետև հատուկ կարծիքի մասով որևէ բան չասվեց, քվեարկել է Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու օգտին:

«Ես կարծիք չեմ արտահայտի, սակայն այսօրվա ընթացքում տասնյակ մարդկանց եմ հանդիպել և կարող եմ նրանց կարծիքն արտահայտել: Ինձ այսօր հանդիպած տասնյակ մարդիկ միաձայն պնդում էին, որ Դավիթ Հարությունյանի լիազորությունների դադարեցմանը կողմ քվեարկած ԲԴԽ անդամներն  անբարոյականներ են»,- ասաց Ալեքսանդր Ազարյանը:

Տեսանյութեր

Լրահոս