Պատմուճան հագնելով կամ հրամանագիր ստորագրելով՝ դատավոր չեն դառնում. Դավիթ Հարությունյան
Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է ընդունել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել։
Լրագրողների հետ զրույցում Դավիթ Հարությունյանը նշեց, որ որոշումից անակնկալի չի եկել։
«Կարեն Անդրեասյանից որևէ օբյեկտիվ ակնկալիք հնարավոր չէր սպասել: Օբյեկտիվ ակնկալիքները կիրացվեն Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում, այլ հարթակներում և ընթացակարգերով»,- նկատեց նա:
Անդրադառնալով «փակ դռների» հետևում ընթացող դատական նիստերին ու կայացվող որոշումներին, նաև 168.am-ի հարցին, թե ինչո՞ւ են ընտրվում նմանատիպ միջոցներ, ի՞նչն է վախեցնում Կարեն Անդրեասյանին, արձագանքեց. «Դատավոր չեն դառնում. պատմուճանը հագնելով, հրամանագիրը ստորագրելով՝ դատավոր չեն դառնում»:
168.am-ի մյուս հարցին, թե արդյո՞ք այսօրվա որոշումների վրա ազդեցություն ունեցել է սրճարանում ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի և Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի աղմկահարույց հանդիպումը, որին անդրադարձել էին մի շարք լրատվականներ, նա պատասխանեց. «Ախր այդ հանդիպումն այնքան անէական բան է. դա ծովի մեջ մի բաժակ ջուր է։
Այստեղ խնդիրը հետևյալն է․ այս օրերի ընթացքում մենք ականատես եղանք այնպիսի իրադարձությունների, այնպիսի փաստերի՝ իրենց կողմից ստորագրած, իրենց կողմից վավերացված փաստերի, որ կոնկրետ այդ մի հանդիպումը որևէ կանխորոշող նշանակություն չէր կարող ունենալ։
Իհարկե, դա ինքնին ընդդիմազերծ շփման, Դատական օրենսգրքի կանոնների խախտում է, երբ անձը կողմի հետ հանդիպում է, դատավորը հանդիպում է միջնորդող անձի՝ կողմի հետ, ու դրա մասին չի հրապարակում։ Դա վարքագծի կանոնների խախտում է, կարգապահական կանոնների խախտում է գուցե, բայց դա շատ փոքր խախտում է։ Խնդիրը հետևյալն է՝ մենք այս օրերին ականատես եղանք այն բանին, որ նշված երկու սուբյեկտները միմյանց միջև շահույթ են բաշխում՝ առավել քան տարեկան աշխատավարձն է, կրկնապատիկը գերազանցող շահույթ են բաշխում և միասին մեկ դատավարության մեջ են մասնակցում՝ նշելով, որ չի կարող ստեղծվել այլ դատարան։ Խնդիրն այստեղ է։ Իսկ այդ շահույթի բաշխումը հրապարակային են արել»,- ասաց նա։
Դավիթ Հարությունյանը նշեց, որ մինչ այսօր՝ երբ հրապարակվեց դատական ակտը, իրեն վերագրվող միջնորդության վերաբերյալ ենթադրյալ խախտման մասին կարծիք հայտնելու հնարավորություն չի ունեցել, զրկել են այդ հնարավորությունից։
Մանրամասները՝ տեսանյութում