Երկվորյակ երեխաների մահվան պատճառը պարզ չէ
Դեռ պարզ չէ 2 օր առաջ Արմավիրի մարզում մահացած նորածին Մերի և Մարիամ Վարդանյանների մահվան պատճառը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի աշխատակից Գևորգ Անտոնյանը: Նրա խոսքով՝ դատաբժիշկն իրենց տեղեկացրել է, որ մահվան պատճառները հայտնի կլինեն 2-3 օրից ոչ շուտ:
Հիշեցնենք, որ «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ից այսօր հաղորդում է ստացվել, որ 2013 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում իրենց մոտ է ընդունվել 22.11.2012թ. ծնված Մերի Վարդանյանի դիակը: Ըստ ՀՀ դատախազության՝
պարզվել է, որ Մերի Վարդանյանը և նրա երկվորյակ քույրը՝ Մարիամ Վարդանյանը, դրանից կարճ ժամանակ առաջ մահացել են իրենց տանը: Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ երեխաների մայրը՝ նույն օրը` ժամը 05:00-ի սահմաններում, երեխաներին կերակրել է դեղատնից գնված մանկական չոր կաթնային կերով:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի հատկանիշներով՝ անզգուշությամբ մահ պատճառելը և ուղարկվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար։