«Բարեբախտաբար, կրակոցներից կոմբայնն ու կոմբայնավարը չեն տուժել». Մաճկալաշենի համայնքապետ

Արցախի Հանրապետությունում գյուղատնտեսական ակտիվ աշխատանքներին զուգահեռ, ադրբեջանական կողմն էլ  ակտիվացրել է սադրանքներն Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։

Վերջին 3-4 օրերի ընթացքում Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով կրակում է Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ Մաճկալաշեն, Կիչան, Ճարտար, Ճանկաթաղ, ինչպես նաև այլ գյուղերի ուղղությամբ։

Մաճկալաշեն համայնքում ադրբեջանական կողմը կրակ էր արձակել դաշտում աշխատող կոմբայնի ու կոմբայնավարի ուղղությամբ։

168.am-ի հետ զրույցում Մաճկալաշենի համայնքապետ Լեռնիկ Ավանեսյանն ասաց, որ կրակոցներից անմիջապես հետո իրենք վերսկսել են աշխատանքները, հակառակ պարագայում, եթե ամեն կրակոցից հետո չաշխատեն, գյուղատնտեսական աշխատանքներ ընդհանրապես չեն կարողանա անել։

Կարդացեք նաև

«Բարեբախտաբար, կրակոցներից կոմբայնն ու կոմբայնավարը չեն տուժել։

Այս պահին էլ չենք աշխատում, քանի որ առատ անձրև է եկել, եղանակն աշխատելու համար բարենպաստ չէ»,- նշեց Լեռնիկ Ավանեսյանը։

Համայնքապետն ասաց, որ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու ժամանակ չեն դիմում խաղաղապահներին, որ ներկա գտնվեն, քանի որ անօգուտ է՝ թշնամին, միևնույն է, կրակում է։

«15 օր է՝ սկսել ենք բերքահավաքը, հավանաբար այդքան էլ կտևի։ Առատ բերք չենք սպասում, որովհետև երաշտ էր»,- շեշտեց Լեռնիկ Ավանեսյանը։

Հիշեցնենք, որ այս սադրանքներին զուգահեռ, արդեն 202-րդ օրն է՝ Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի կողմից գտնվում է շրջափակման մեջ։ Իսկ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմն Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում, զավթել և անցակետ էր տեղադրել։

Տեսանյութեր

Լրահոս