«Կառավարությունը, հավանաբար, փորձում է բյուջեն ինչ-որ ձևով գումար լցնել». Քաղաքացիները՝ օնլայն տաքսի ծառայությունների հնարավոր թանկացումների մասին
Օնլայն տաքսի ծառայությունները կբերվեն հարկային դաշտ․ օրերս Կառավարությունն ընդունել է համապատասխան նախագծերի փաթեթը: Առաջարկվում է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայությունների համար սահմանել պետական տուրք` յուրաքանչյուր փոխադրման դեպքում, ինչպես նաև պատվերի վճարման էլեկտրոնային անդորրագրի տրամադրման պահանջ:
«Էլեկտրոնային հարթակներ ստեղծած կազմակերպությունները փաստացի ուղևորափոխադրման գործունեություն են ծավալում, պատվերներն են ընդունում, փոխանցում են այդ պատվերները վարորդներին, իրենց հարթակների միջոցով կարգավորում են սակագները, սահմանում են պահանջներ՝ էկոնոմ, կոմֆորտ, բիզնես դասեր։ Փաստացի այս ամենը՝ առանց իրավական հիմքի, հարկային պարտավորությունների և վերահսկողության»,- նախագիծը ներկայացնելիս՝ նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Ոլորտի փորձագետները, սակայն, շեշտում են՝ առաջարկվող կարգավորմամբ, օրենսդրական փոփոխություններով ոլորտում առկա խնդիրները ոչ միայն չեն լուծվելու, այլ նաև նորերն են առաջանալու, այդ թվում՝ թանկանալու են նաև մատուցվող ծառայությունների սակագները։
Իսկ թե ինչպես են քաղաքացիները վերաբերվում օնլայն հարթակում գործունեություն ծավալող տաքսիների ծառայությունների հնարավոր թանկացմանը՝ հարցի պատասխանը 168.am-ը պարզել է հարցախույզով:
«Ներկա պահին արդեն «Յանդեքս»-ի սակագները չեն համապատասխանում մատուցված որակին՝ ուր մնաց, թե թանկանա,- նշեց քաղաքացիներից մեկը՝ շեշտելով,- Երբ որակը կհամապատասխանի գներին, լավ կլինի, այդ ժամանակ քննարկեն գների բարձրացումը:
Ճիշտ է, միջազգային ստանդարտների համար ՀՀ-ում գները բավականին էժան են, գուցե ռելոկանտների համար, բայց տեղի բնակչության համար, հիմնական բնակչության եկամուտների պարագայում՝ բարձր է»:
«Այդ մարդիկ մեղք են. իրենց աշխատանքը պետք է ավելի գնահատենք, ու, իմ կարծիքով, լավ կլինի՝ իրենք մի քիչ շատ կարողանան աշխատել»,- ասաց տաքսիստների աշխատանքով մտահոգ մեր զրուցակիցը՝ բերելով Ֆրանսիայի օրինակը:
«Հավանաբար, կառավարությունը փորձում է բյուջեն ինչ-որ ձևով գումար լցնել, բայց ինչքանով է դա լավ երկրի ներսում բիզնեսի զարգացման համար ու մարդկանց համար, դա հարց է»,- նկատեց մեկ այլ քաղաքացի:
Մանրամասները՝ տեսանյութում