Այն ամենը, ինչ Աստված թույլ է տալիս, բխում է մարդու հանդեպ տածած սիրուց
– Հա՛յր, իսկ Աստված ինչո՞ւ է թույլ տալիս, որ դժբախտություն պատահի:
– Բազմաթիվ պատճառներ կարող են լինել: Երբեմն Աստված թույլ է տալիս, որ դժբախտություն պատահի, որպեսզի ինչ-որ ավելի լավ բան տեղի ունենա դրանից, իսկ մեկ այլ պարագայում՝ «դաստիարակչական» նպատակներով: Ոմանք վարձք են ստանում, մյուսները վճարում են մեղքերի դիմաց. ոչինչ չի կորչում: Իմացեք, որ Աստծու կողմից թույլատրված ամեն բան մարդասիրական է, նույնիսկ, օրինակ, մարդկային զոհերը: Չէ որ Աստված «սրտացավ» է: Հիշե՛ք, թե քանի մարդու կոտորեց Եղիան (Գ Թագ. 18:17-40)․ Բահաղի հարյուրավոր քրմերի: Նրանց ասաց. «Դուք էլ աղոթեք, ես էլ կաղոթեմ: Ում կրակն ինքն իրեն այրվի, նրանն է ճշմարիտ Աստված»: Այնժամ Բահաղի քրմերն սկսեցին բղավել. «Լսի՛ր մեզ, Բահա՜ղ, լսի՛ր մեզ»:
Բայց ոչ ձայն եղավ, ոչ՝ ծպտուն: «Ձեր աստվածը,- ասաց նրանց Եղիա մարգարեն,- զբաղված է երևի ու չի լսում ձեզ: Ավելի բարձր կանչեք»:
Նրանք շարունակում էին բղավել ու ըստ սովորության՝ դանակներով կտրատել իրենց մարմինները, որպեսզի ավելի բարձր բղավեն ցավից, ու Բահաղը լսի իրենց: Վերջ ի վերջո, երբ ոչ մի արդյունքի չհասան, Եղիա մարգարեն ասաց. «Թրջե՛ք իմ փայտերը», և երեք անգամ կրկնել տվեց այդ: Փայտի ու զոհի վրա կրկին ու կրկին ջուր լցրեցին, այնքան, որ ջուրը հոսում էր զոհասեղանի վրայով ու թափվում փոսերի մեջ: Եվ երբ Եղիա մարգարեն աղոթեց, երկնքից կրակ իջավ ու զոհն իր զոհասեղանի հետ այրեց: «Բռնեցե՛ք քրմերին,- ասաց մարգարեն ժողովրդին,- որովհետև նրանք կռապաշտության են մղում ժողովրդին»: Եվ հետո կոտորեց այդ բոլոր կեղծ մարգարեներին:
Շատերն ասում են. «Եղիա մարգարեն ինչպե՞ս կարող էր այդքան մարդու կոտորել»: Աստված դաժան չէ, և մարգարեն էլ դաժան չէր: Սակայն կռապաշտ քրմերն այն ժամանակ արդեն ողջ ժողովրդին էին մոլորեցրել: Այն աստիճանի էր հասել, որ մարգարեն ստիպված էր ասել, որ ինքը մենակ է մնացել: Սարսափելի է: Եվ բացի այդ, կռապաշտ քրմերն իրենց սեփական վերքերից ավելի շատ էին տանջվում, քան Եղիա մարգարեի սրից, որը վերջ դրեց նրանց տառապանքին: Ինքնախեղումից առաջացած ցավն ավելի սաստիկ էր: Տեսնո՞ւմ ես, այն, ինչ Աստված թույլ է տալիս՝ մարդու հանդեպ ունեցած սիրուց է, իսկ այն վերքերը, որ պատճառում էին իրենք իրենց, տանջալից էին իրենց համար:
– Հա՛յր, իսկ Հին Կտակարանում Աստծու պատիժն ինչո՞ւ էր այդպես անհապաղ վրա հասնում:
– Հինկտակարանյան մարդկանց այդ լեզուն էր հասկանալի, այդ օրենքը: Աստված այն ժամանակ էլ էր այնպիսին, ինչպիսին հիմա է, սակայն հինկտակարանյան օրենքն այն ժամանակների մարդկանց համար էր նախատեսված, որովհետև այլ կերպ չէին հասկանում: Թող Հին Կտակարանի օրենքը ձեզ դաժան ու Ավետարանից տարբեր չթվա: Այն ժամանակաշրջանի համար այդ օրենքն օգտավետ էր: Օրենքը դաժան չէր, այլ՝ սերունդը: Այսօրվա մարդիկ, իհարկե, կարող են է՛լ ավելի դաժան լինել, բայց այժմ նրանք գոնե ի զորու են հասկանալ դա: Մեր օրերում բավական է մի կանթեղ օրորվի, և մարդիկ հուզմունք են ապրում: Իսկ այն ժամանակ ինչեր ասես, որ չէր անում Աստված: Տե՛ս, Նա փարավոնին տասը պատուհաս ուղարկեց, որպեսզի իսրայելցիներին դուրս բերի Եգիպտոսից, ցամաքեցրեց Կարմիր ծովը, որպեսզի կարողանան դրա միջով անցնել: Ցերեկը ամպ էր տալիս նրանց, որ չայրվեն արևից, իսկ գիշերը՝ կրակե սյուն, որ ուղղորդի: Եվ այդ բոլոր հրաշքներից հետո նրանք խնդրեցին ոսկե հորթ պատրաստել իրենց համար ու սկսեցին դրան Աստծու փոխարեն պաշտել (Ելից 32:1-6): Այժմյան մարդիկ ոչ մի դեպքում չէին ասի, թե ինչ-որ մի հորթ կարող է իրենց Ավետյաց Երկիր տանել:
Հայր Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը